ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է ուսումնական հաստատությունում։ Աշոտ Բլեյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը, կրթահամալիրում ստեղծված արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանցը, որը ծառայում է նախադպրոցական, հանրակրթության, մասնագիտական ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթության և արտադպրոցական կրթական ծրագրերին։
Լաբորատորիաներում կազմակերպվում են նաև մասնագիտական վերապատրաստումներ մանկավարժական աշխատողների համար։
Աշոտ Բլեյանի խոսքով՝ կրթահամալիրը հագեցված է համապատասխան գույքով ու սարքավորումներով, անհրաժեշտ հարմարեցումներով՝ գործնական հմտությունների ձեռքբերման ու զարգացման, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Սովորող-սովորեցնող» նախագծի ներկայացմանը, որի շրջանակում մասնագիտական ուսուցման կրթական ծրագրով սովորողներն իրենց գիտելիքն ու հմտությունները փոխանցում են միջին կամ կրտսեր դպրոցում սովորողներին:
Շրջայցի ընթացքում Արաքսիա Սվաջյանն առանձնակի հետաքրքրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայում իրականացվող կրթության բովանդակությամբ, աշակերտների ընդգրկվածությամբ ու հետաքրքրության աճով:
«Կարևոր է, որ կրթահամալիրում առկա ռեսուրսը, ինչպես նաև նորարական կրթության ուղղությամբ կուտակած փորձը ծառայեն նաև այլ դպրոցների զարգացմանը՝ խթանելով համագործակցությունը տարբեր հաստատությունների միջև»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նշենք, որ իրականացվող կրթական ծրագրերի և նորարական և այլընտրանքային ուսուցման կազմակերպման նպատակով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում։ Համաձայն 2025 թ. հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ հաստատված հանրակրթական դպրոցների ֆինանսավորման կարգի՝ այս ուսումնական տարում կրթահամալիրին հատկացվելու է ավելի քան 613,8 մլն ՀՀ դրամ պետական ֆինանսավորում, ինչպես նաև ավելի քան 126,4 մլն ՀՀ դրամ՝ հանրակրթությունում նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացման և 40,4 մլն ՀՀ դրամ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համար:
Նախարարի տեղակալի այցի ընթացքում քննարկվել են կրթահամալիրի շենքային պայմանների բարելավման և հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող աշխատանքները: Այդ նպատակով պետական բյուջեի միջոցներից, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ ավելի քան 1,1 մլրդ դրամ՝ տանիքների նորոգման և կապիտալ բնույթի այլ աշխատանքների համար