Վերաբացվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված նախասրահը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է ժամանակակից ապակեպատ տանիք, բարելավվել են ենթակառուցվածքները։ Արդյունքում ստեղծվել է նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր՝ նախատեսված ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։ Նախագիծն իրականացվել է «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով միջոցառումը հատկապես Գիրք նվիրելու օրվա շրջանակում։ Նախարարը նշել է՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին գրադարանն իր սիրելի վայրն է եղել, և այժմ առանձնահատուկ հուզմունք է ապրում՝ տեսնելով, որ գրադարանն անճանաչելիորեն փոխվել է․ «Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր։ Մենք գիտեինք, որ դասերի ընթացքում գրականության կարիք կունենանք, որը կարող ենք գտնել գրադարանում։ Կարծում եմ, որ ներկա ուսանողների համար այսպիսի գրադարան այցելությունն իսկապես հաճույք պետք է լինի․ այստեղ մտնելու համար կարելի է ժամերով հերթ կանգնել, ինչպես աշխարհի շատ համալսարաններում։ Գրադարանում ձևավորված միջավայրը նոր հնարավորություններ է ընձեռում սովորելու, զարգանալու, քննարկելու և շփվելու համար»։

ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ գրադարանի վերաբացումը Երևանի պետական համալսարանում կրթության նոր որակի և ուղենիշների հաստատման ևս մեկ կարևոր քայլ կլինի։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ գրադարանը պետք է գործի ոչ միայն որպես բուհի կառուցվածքային միավոր, այլև որպես ինքնուրույն հարթակ՝ հանրային նշանակությամբ։

«Գրադարանը բուհի մի մասն է, սակայն այն պետք է ունենա նաև աշխատանքային առանձնացված ռեժիմ՝ դառնալով նաև հանրային տարածք։ Կարծում եմ՝ դրա բոլոր հնարավորություններն այստեղ առկա են՝ թե՛ առանձնացված մուտքի, թե՛ ձևավորված ենթակառուցվածքների առումով։ Վստահ եմ՝ Երևանի պետական համալսարանն այս իմաստով դառնալու է նաև հանրային գրադարան, ինչը կարևոր է բուհերի ներկայությունը մեր հանրային կյանքում ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ վերջին շրջանում ԵՊՀ կատարած բազմաթիվ այցերը վկայում են բուհի դինամիկ զարգացման մասին․ բացվել է Արհեստական բանականության կենտրոնը, արդիականացվում են լաբորատոր ենթակառուցվածքները, ակտիվորեն կազմակերպվում են գիտաժողովներ և քննարկումներ։

«Երևանի պետական համալսարանը ձևավորվում է որպես ժամանակակից, միջազգային մրցունակության չափանիշներին համապատասխանող բուհ։ Հուսով եմ, որ այս շարունակական զարգացումը կարտացոլվի նաև բուհի միջազգային գրավչության բարձրացման, վարկանիշի աճի և միջազգային ուսանողների թվի ավելացման մեջ»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հնարավորություններ է ստեղծում կրթության և գիտության համակարգի միջազգայնացման համար։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնությունը երկար տարիների ընթացքում ձևավորված գաղափարի իրագործում է՝ միտված համալսարանական միջավայրի որակական զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի ձևավորման և իրականացման ողջ ընթացքին մասնակցած բոլոր գործընկերներին ու պատասխանատուներին՝ ընդգծելով նրանց հետևողական և համատեղ աշխատանքի կարևորությունը։

Առանձնահատուկ երախտագիտությամբ ռեկտորը նշել է «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել շինարարական աշխատանքների իրականացումն ու նոր միջավայրի ստեղծումը։ Նա ընդգծել է նաև, որ սրահը կրում է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը՝ ընդգծելով Իզմիրլյանի ներդրումն ու հետևողական աջակցությունը կրթության և գիտության զարգացման գործում։

Ռեկտորը է շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուշադրության և աջակցության համար։ Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ նորաստեղծ տարածքը դառնալու է գիտելիքի ստեղծման ու փոխանցման, նորարարական գաղափարների ձևավորման հարթակ՝ նպաստելով ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների ստեղծարար ներուժի լիարժեք բացահայտմանը:

ԵՊՀ գրադարանն այսօր ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ շարունակաբար համալրվում են գրադարանի ֆոնդերը՝ պետական հատկացումների, գրքափոխանակության, դրամաշնորհների և նվիրատվությունների միջոցով։ Գրադարանը հարստացել է տարբեր բնագավառների արդիական գրականությամբ և արժեքավոր հավաքածուներով, այդ թվում՝ Գալուստ Գյուլբենկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր) հավաքածուներով։

ԵՊՀ գիտական գրադարանը Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով է կոչվում 1997 թվականից։