ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Մշակութային երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ նվիրված Հայաստան-Ֆրանսիա բարեկամությանը և Գիրք նվիրելու օրվան։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ և ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներ՝ հայերենով և ֆրանսերենով, հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն դպրոցականների աշխարհայացքի ձևավորման և արժեհամակարգի հարստացման գործում։
«Ավագ դպրոցի ուսումնառությունը համընկնում է պատանեկության շրջանին, երբ սովորողները մտածում են մասնագիտական կողմնորոշման և ապագան կառուցելու մասին։ Այս կարևոր քայլերի կատարմանը մեծապես օգնում են արժեքները՝ մշակույթը, արվեստը, գիրքը։ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ավագ դասարաններում ընդգրկվել է «Արվեստ» առարկան։ Ամեն անգամ, ներկա գտնվելով նման միջոցառումների, համոզվում եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Արվեստը մեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում՝ իր բոլոր դրսևորումներով: Արվեստը նաև միջմշակութային երկխոսության լավագույն ձևն է․ այստեղ հնարավորություն ունեցանք տեսնելու ձեր գիտելիքները Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության մասին, որի հավերժ խորհրդանիշը մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն է։ Նրա անցած ճանապարհը կարող է յուրաքանչյուրի համար լինել մոտիվացնող օրինակ՝ ցույց տալով, թե որքան դժվարություններ կարող են հանդիպել մարդուն, և որքան կարևոր է բացահայտել սեփական տաղանդը՝ գտնելով հաջողության ճանապարհը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դպրոցականներին շնորհավորել է Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ ընդգծելով ընթերցանության կարևորությունը երիտասարդների զարգացման համար։
«Գիրք նվիրելու օրը ևս մեկ առիթ է արժևորելու գիրքը՝ որպես սովորելու, զարգանալու և ավելի գիտակ դառնալու միջոց։ Մաղթում եմ, որ գիրքը մշտապես ներկա լինի ձեր կյանքում, որ դուք ամեն օր գրքերից սովորեք որևէ նոր բան, և այդ գործընթացը լինի հաճելի ու արդյունավետ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, լաբորատորիաներին, գույքային ապահովվածությանը: