ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունը 2026 թվականին իրականացնում է մանկապատանեկան կրթամշակութային ծրագիր՝ «Արևիկից Արևներին» խորագրով:

Ծրագիրը մեկնարկել է Գրքի տոնի շրջանակում՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի նորակառույց Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում: Այն կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. հաստատությունն ապահովված է ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխան գույքով և ենթակառուցվածքներով։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը և «Արևիկ» հրատարակչության և գրատան տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:

Հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել նորակառույց ուսումնական հաստատության շենքային պայմաններին և կրթական միջավայրին:

Այնուհետև դպրոցի դահլճում տեղի է ունեցել «Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագրի մեկնարկի միջոցառումը: Երեխաներին ներկայացվել են մանկագիր Շողեր Պետրոսյանի «Ամպիկը, որը չէր կարողանում անձրևել» գիրքը և դրա հիման վրա պատրաստված ինտերակտիվ ներկայացումը: Երեխաները մեծ ակտիվությամբ են մասնակցել միջոցառմանը, հետաքրքրությամբ դիտել ներկայացումը, պատասխանել ստեղծագործությանն առնչվող հարցերին և հարցեր ուղղել միջոցառման կազմակերպիչներին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել ներկայացումից ստացած տպավորություններով, խոսել ընթերցանության կարևորության մասին, երեխաներին հորդորել անդադար կարդալ, սիրել գիրքն ու գրականությունը:

Անդրադառնալով դպրոցական տարբեր տարիքի երեխաների շրջանում ընթերցանության դերին՝ Դանիել Դանիելյանը կարևորել է մոտիվացիա ձևավորելու արդյունավետ մեթոդները. կրթամշակութային ծրագրերը, թատերականացված ներկայացումները, վիզուալ նյութերը, արվեստի տարբեր ճյուղերը առավել գրավիչ են դարձնում գիրքն ու ընթերցանությունը։

««Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագիրը վառ ապացույց է, որ նմանատիպ նախագծերը հետաքրքրություն են առաջացնում գրքի և գրականության հանդեպ: Օրինակ՝ ծրագրից հետո այսօր երեխաները ցանկություն հայտնեցին կարդալ «Ամպիկը, որը չէր կարողանում անձրևել» գիրքը, քանի որ մինչ այն ընթերցելը՝ նրանք գրքի հերոսներին ճանաչեցին ինտերակտիվ ներկայացման միջոցով»,- ասել է նախարարի տեղակալը:

Դանիել Դանիելյանը կարևորել է նաև կրթության և ընթերցանության միջավայրի ձևավորումը՝ նշելով, որ նորակառույց դպրոցները հագեցած են գրադարանով, լաբորատորիաներով, մարզադահլիճներով և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով։

Միջոցառման շրջանակում «Արևիկ» հրատարակչությունը գրքեր է նվիրել Սասունիկի դպրոցի գրադարանին։ «Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագիրը կշարունակվի այլ մարզերի և մայրաքաղաքի դպրոցներում։