ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի Հանրապետության ազգային տոնին՝ պետականության օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք:
Շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացումն ու ամրապնդումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, բազմաոլորտ համագործակցության խորացման և միջանձնային կապերի խթանման միջոցով:
«Առանձնահատուկ կարևորություն է տրվում երկկողմ տնտեսական օրակարգի ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության, ներդրումների, զբոսաշրջության, բարձր և նորարարական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ներուժի բացահայտմանն ու իրացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու համոզմունք հայտնել՝ նշյալ ուղղություններով արդյունքների ապահովմանը կնպաստի Հայաստան-Սերբիա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ 2026 և 2027 թվականներին Հայաստանում և Սերբիայում նախատեսվում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մասնակցություն տարբեր միջազգային միջոցառումների։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, որոնցում ակնկալվում է նաև Սերբիայի պատվիրակությունների մասնակցությունը:
«Հայաստանն իր հերթին հաստատել է մասնակցությունը 2027 թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Բելգրադում կայանալիք «Էքսպո 2027» համաշխարհային ցուցահանդեսին և ներկայանալու է առանձին պաշտոնական տաղավարով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը
Կարևորելով նաև մարդկանց միջև շփումների ակտիվացումը՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Երևանի պետական համալսարանում սերբերենի դասընթացի կազմակերպումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով ՀՀ Արմավիրի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում իրականացվող աջակցության ծրագրերի համար:
«Անգնահատելի է հումանիտար համագործակցության նշանակությունը ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում: Խորապես համոզված եմ, որ միասնական ջանքերով նոր հորիզոններ կբացենք Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ գործակցության համար՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,- ասել է նա։
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը։ Դեսպանը կարևորել է սերբ և հայ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Դեսպանի դիտարկմամբ՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է և ձեռք բերում նոր բովանդակություն։
«Երևանի պետական համալսարանում սերբերենի դասավանդման մեկնարկը նշանակալի քայլ է կրթական համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասել է նա՝ նշելով, որ սերբական կողմը հետաքրքրված է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Դեսպանը կարևորել է նաև գիտատեխնոլոգիական և մշակույթի ոլորտում համագործակցությունը և համատեղ ծրագրերի ընդլայնումը։