Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը գրքեր է նվիրել Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին։
Նախարարի տեղակալը երեխաների հետ զրուցել է ընթերցանության կարևորության, գրքի դերի և գիտելիքի արժևորման մասին։ Հասմիկ Ավագյանը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ պատանի մարզիկները վաղ տարիքից զարգացնեն ոչ միայն իրենց ֆիզիկական կարողությունները, այլև մտավոր ներուժը՝ ձևավորելով լայն աշխարհայացք։
Հասմիկ Ավագյանը նշել է՝ գիրք նվիրելու օրը լավ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու ընթերցանության կարևորության մասին, սակայն գրքի հանդեպ սերը չպետք է սահմանափակվի միայն տոնական օրերով։
«Կարևոր է ոչ միայն տոնի շրջանակում գրքեր կարդալ և նվիրել, այլև դա դարձնել ամենօրյա գործողություն։ Շատ կարևոր է, որ գիրքը դառնա ձեր ամենօրյա ուղեկիցը, իսկ կրթությունը՝ առաջնային նպատակներից մեկը: Ամեն օր թեկուզ մի քիչ կարդալը ձևավորում է մտածողություն, հարստացնում բառապաշարը և նպաստում ինքնազարգացմանը»,- ընդգծել է Հասմիկ Ավագյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են սիրում կարդալ պատանի մարզիկները, որն է նրանց ամենասիրելի գիրքը, ինչ են կարդում այս պահին և այլն: