«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի գլխավորությամբ, այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանց ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ:

«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային պատկերասրահի հրավերով: Այցը միտված է խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի առաջատար մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, զարգացնելու մասնագիտական երկխոսությունը և ձևավորելու երկարաժամկետ համագործակցության հստակ օրակարգ։ Այցի շրջանակում իրականացվում է հագեցած մշակութային ծրագիր՝ ընդգրկելով Հայաստանի կարևորագույն թանգարանները, արվեստի կենտրոնները և մշակութային ժառանգության վայրերը։

Պատվիրակությունն այսօր այցելել է նաև Սերգեյ Փարաջանովի թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է հայկական կինոարվեստի նշանավոր գործչի ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը ծանոթացել է անվանի երգահանի բազմաշերտ արվեստին։

Լորան Լը Բոնի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցը շարունակվել է Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում, որտեղ պատվիրակությանը ներկայացվել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշները, միջնադարյան գիտական ու գեղարվեստական մտածողության կարևոր վկայությունները։

Այցեր են իրականացվել Երվանդ Քոչարի և Մարտիրոս Սարյանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարաններ, ինչպես նաև Գաֆէսճյան արվեստի կենտրոն։ Կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի պատմության թանգարանում և Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

Մշակութային ծրագրի կարևոր հատված է եղել նաև այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ Զվարթնոցի տաճար և Էջմիածնի մայր տաճար։

Հիշեցնենք՝ Լորան Լը Բոնին այսօր ընդունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային պատկերասրահի և «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր։