ՌԴ Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանից մրցույթին մասնակցել է պատանի ջութակահար Էդուարդ Դայանը։

Մրցույթն անցկացվել է ՝ «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում: Ավելի քան 200 երիտասարդ երաժիշտներ՝ 7-23 տարեկան, պայքարել են մրցանակների համար։

«Ջութակ» անվանակարգում 1-ին մրցանակը և մրցույթի Գրան պրին նվաճել է ջութակահար Էդուարդ Դայանը: Մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին, Էդուարդ Դայանն արժանացել է երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրների միջև անցկացված ընտրության արդյունքում։

Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։

Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է և ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։

Վիլհելմ Շպետի անվան 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը կարևոր հարթակ է երիտասարդ կատարողների ստեղծագործական աճի և մասնագիտական զարգացման համար՝ համախմբելով տարբեր տարածաշրջանների տաղանդավոր երաժիշտներին։