ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկա է եղել Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրությանը, որը կազմակերպվել է Երևանի «Պոնտի» հունական համայնքի հետ համագործակցությամբ մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ և նվիրված է ազգային փոքրամասնությունների լեզուներին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Մշակույթների հանդիպում» եռալեզու գրքի շնորհանդեսը և երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումն ամփոփվել է «Հերացի» ավագ դպրոցի և Երևանի «Պոնտի» հունական համայնքի շուրջ մեկ տարվա համագործակցությամբ իրականացված աշխատանքով։

«Մշակույթների հանդիպում» գիրքը, որը միտված է խթանելու հայ և հույն ժողովուրդների փոխըմբռնումն ու համագործակցությունը, ներառում է անտիկ աշխարհի առակախոս Եզոպոսի չորս առակ՝ հունարեն, հայերեն և ռուսերեն թարգմանություններով։

Դանիել Դանիելյանը շեշտել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն ուշադրության կենտրոնում են և պետության համար ազգային փոքրամասնությունների կրոնի, լեզվի, սովորությունների, մշակույթի հարցերն առանցքային նշանակություն ունեն:

«Հայաստանում պաշտոնապես կա 12 ազգային փոքրամասնություն, որոնք դիտարկվում են որպես բարեկամ ժողովուրդներ, և բոլոր քայլերն ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի, սովորույթների տարածմանն ու հանրահռչակմանը ինստիտուցիոնալ կառույցների միջոցով աջակցություն ցուցաբերելուն»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտադրելով հայ-հունական դարավոր բարեկամությունն ու մշակութային համագործակցությունը:

Անդրադառնալով դպրոցում նախագծային ծրագրի իրականացմանը՝ Դանիել Դանիելյանը կարևորել է կատարած թիմային աշխատանքը, որի միջոցով աշակերտները կարողանում են գիտելիքներ ձեռք բերել, դրանք վերածել գործնական աշխատանքի. «Կարողունակությունների ձևավորումը կրթության ոլորտում կատարվող հիմնարար փոփոխություններից է: Գիտելիքներ ստանալը շատ լավ է, բայց դրանք գործի դնելն էլ ավելի կարևոր է: Պետք է շնորհակալություն հայտնեմ մեր սիրելի ուսուցիչներին իրականացրած աշխատանքի, արդյունքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մշակույթին և լեզվին անդրադառնալու համար: Այսպիսի միջոցառումները լավ առիթ են լավագույնս ճանաչելու մեր երկրում ապրող և արարող ազգային փոքրամասնություններին. սա ինքնադրսևորման, միմյանց ճանաչելու և բացահայտելու հիանալի նախաձեռնողականություն է: Մշակույթների երկխոսությունն առարկայացել է այս գեղեցիկ գրքի տեսքով՝ «Մշակույթների հանդիպում» հրաշալի վերնագրով և կարևոր բովանդակությամբ: Այս գիրքն աշակերտների մտքի ու գաղափարների հանդիպումն է»,- ընդգծել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոցի սաներին նկարազարդումների համար:

Միջոցառման պաշտոնական մասը եզրափակվել է դպրոցականների վոկալ- գործիքային «Հերացի» բենդի՝ հայկական ժողովրդական երգերի կատարումներով և հույն օսկարակիր կոմպոզիտոր Մանոս Խաձիդակիսի դաշնամուրային ստեղծագործություններով, որոնք կատարեցին Պարոնյան երաժշտական դպրոցի սաներ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը, ինչպես նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտ Դանիել Միհրանյանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, Երևանի Պոնտի հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխաիլիդիսը, ՀՀ-ում Հունաստանի դեսպանության առևտրի և տնտեսական հարցերով կցորդ Էֆտիխիա Բակոպուլուն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, հունական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Հունական համայնքը գործում է 1990-ականներից․ այս ընթացքում համայնքը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներն՝ ներկայացնելով Հունաստանի հարոստ պատմությունն ու մշակույթը։