Առաջին անգամ անցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական համաժողովը, որը կազմակերպել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ երիտասարդական խորհուրդը (YAC)՝ Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Համաժողովի շրջանակում անցկացվել է «Երիտասարդությունը կենտրոնում. ԵՄ-Հայաստան համագործակցության ապագայի ձևավորումը երկխոսության և գործողությունների միջոցով» պանելային քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը, պաշտոնատար այլ անձինք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով միջոցառման անցկացումը՝ որպես Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի առանձին բաղադրիչ. «Ֆորումի անցկացումը կարևորում եմ նախևառաջ Հայաստան-ԵՄ օրակարգի համատեքստում: Ակտիվ համագործակցություն կա, մասնավորապես, ԵՄ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ` CEPA) շրջանակում, միաժամանակ զարգացման գործընկերների հետ տարբեր ձևաչափերով երկխոսություն է ընթանում՝ ուղղված մշակույթի, կրթության, երիտասարդության ոլորտներին:
Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը չափազանց կարևորում է տարբեր գործընթացներում երիտասարդների բարձր մասնակցայնության ապահովումը: Ուստի, բացի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից, որտեղ բոլորը կարող են ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկները, որոշումների կայացման գործընթացում մասնակցայնությունն ապահովվում է նաև տարաբնույթ քննարկումների և հանդիպումների միջոցով: Երիտասարդական ֆորումը ևս յուրօրինակ հարթակ է՝ կարևոր որոշումների կայացման ընթացքում լսելի դարձնելու երիտասարդների ձայնը, հաշվի առնելու նրանց առաջարկները»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև պետական քաղաքականությունը՝ ուղղված ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը: Նա հանգամանորեն ներկայացրել է կենտրոնների դերն ու բովանդակությունը՝ նշելով, որ դրանք միտված են երիտասարդների կարողությունների զարգացմանը, խնդիրների բարձրաձայնմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, ակտիվ քաղաքացիության ձևավորմանը և այլն:
Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին ակտիվ լինել և օգտվել տարբեր հարթակներից՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք պետական քաղաքականության մեջ անպայման տեղ գտնեն:
Ելույթով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով. «Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի երիտասարդները, մասնավորապես՝ պակաս բարենպաստ պայմաններում ձևավորված խմբերի ներկայացուցիչները, ունենան լիարժեք հնարավորություններ ինքնիրացման համար՝ իրենց ներուժը ճանաչելու, սեփական կարիքները հստակ ձևակերպելու, համապատասխան հմտություններ զարգացնելու, ինչպես նաև արդյունավետորեն ներգրավվելու երկխոսության և որոշումների կայացման գործընթացներում։ Մեր կողմից նպատակ է դրված ապահովել, որ յուրաքանչյուրն ունենա իր արժանապատիվ տեղը, և որևէ մեկն ուշադրությունից դուրս չմնա»: