ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։
Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում՝ հանդիսանալով կարևոր ձեռքբերում հայկական դասական երաժշտարվեստի համար։ Դաշնակահարը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
Լանգ Լանգը առաջին անգամ կայցելի Հայաստան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։
Միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության իրականացման և միջազգային բարձրակարգ արվեստագետների մասնակցությամբ համերգային կյանքի ակտիվացման ուղղությամբ: Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել: