Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում կկայանա արվեստի 2-րդ միջազգային բիենալեին, որնն անցկացվելու է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո:

«Կարմիր կամուրջ» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային տաղավարին, որը կներկայանա «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, հայաստանյան տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ, նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանը և համադրող Սոնա Հովհաննիսյանը:

Նախագիծն ընտրվել է ԿԳՄՍ նախարարության՝ 2025 թվականին հայտարարած մրցույթի արդյունքում: Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը խորհրդանշական է համարել վերջերս վերականգնված Կարմիր կամուրջի՝ պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հուշարձանի տարածքում ոչ պակաս կարևոր մշակութային իրադարձության մասին խոսելը. «Մալթայի բիենալեն նորաբաց հարթակ է, որն արդեն իսկ միջազգային լայն ճանաչում ունի, և մեզ համար շատ կարևոր էր Վենետիկի բիենալեին զուգահեռ այստեղ ևս ներկայություն ապահովելը: Համաշխարհային կարևոր հարթակներում մեր ներկայությամբ առաջին հերթին տեսանելի ենք դարձնում Հայաստանի ստեղծագործական ներուժը, ինչը մեր առանցքային թիրախներից է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ արվեստագետի ընտրությունը պատահական չէ. Ռաֆֆի Ետալյանն ունի միջազգային փորձ, նրա ստեղծագործությունները համահունչ են աշխարհի մշակութային շնչին:

«Մալթայի բիենալեին Ռաֆֆի Ետալյանի արվեստով ներկայանալը կարևոր ուղերձ է մեր արվեստագետների համար: Սա ցուցիչ է, որ այսօրվա Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, և պետությունը աջակից է արժեքավոր ու հետաքրքիր նախաձեռնություններին, եթե կան դրանք կյանքի կոչելու աշխատասիրություն ու համառություն: Երկրորդ ուղերձն ուղղված է երիտասարդ սերնդին. Ռաֆֆի Ետալյանի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են յուրաքանչյուրի համար, նրա օրինակը ցույց է տալիս, որ բարձր արժեք ստեղծելով՝ դուք ունեք հնարավորություն ներկայանալու միջազգային տարբեր հարթակներում և մրցակից լինելու լավագույն արվեստագետների շարքում»,- ընդգծել է Դանիել Դանիելյանը՝ վստահություն հայտնելով, որ բիենալեից Հայաստանը կվերադառնա միջազգային հանրության կողմից նորովի բացահայտված և արժևորված:

Հայաստանյան տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանի խոսքով՝ Մալթային 2-րդ միջազգային բիենալեն հրաշալի հարթակ է հայ արվեստագետների ներկայացման համար, նրանց արվեստի միջոցով նորովի ճանաչելու Հայաստանը:

Նախագծի հեղինակ, նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանը, անդրադառնալով նախագծի գաղափարին, նշել է, որ իր աշխատանքը վերնագրել է «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել»: Արվեստագետի խոսքով՝ այն ծնվել է լռությունից, աղմուկից անդին և խոսում է լռության, հիշողության, դիմակայության և հույսի մասին։

«Ինձ համար լռությունը բացակայություն չէ, այն մի ներքին տարածք է, որը կրում հիշողության ծանրությունը, որտեղ մարդը կարող է լսել իր ներքին ձայնը, և որտեղ ցավը վերածվում է իմաստի։ Ինստալացիայի ներքևում տեղադրել եմ ջուր, իսկ ցուցասրահի տարածքում լսվում է ջրի կաթիլների ձայնը, որը տեսանելի չէ: Անտեսանելի կաթիլը խորհրդանշում է ներքին ձայնը, վերածնունդը, այն գաղափարը, որ փորձառությունից հետո ծնվում է ինչ-որ նոր բան, նոր ստեղծագործություն, նոր գեղագիտություն։ Այդ ներքին ձայնը հիշեցնում է, որ անգամ լռության մեջ կյանքը շարունակվում է. ահա այսպես ենք մենք գոյատևում լռության մեջ։ Յուրաքանչյուր կերպար՝ թաքնված, բաժանված, շարունակում է կանգուն մնալ՝ խորհրդանշելով դիմադրությունը։ Այս նախագիծը հրավիրում է կանգ առնել, արժևորել մեր ներքին աշխարհի գեղեցկությունը, ուժն ու խորությունը, լսել այն ձայնը, որը երբեք չի տեսնվել»,- ներկայացրել է Ռաֆֆի Ետալյանը։

Ռաֆֆի Ետալյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, Իտալիայում ՀՀ դեսպանությանը, հայաստանյան տաղավարի հանձնակատարին, նախագծի համադրողին, գործընկերներին, հովանավորներին՝ նախագծի կայացման համար, ինչը կարևոր քայլ է հայկական ժամանակակից արվեստի միջազգային ներկայության և երկխոսության զարգացման ճանապարհին։

Համադրող Սոնա Հովհաննիսյանն էլ անդրադարձել է նախագծի գաղափարական հենքին, ազգային տաղավարին և նշել, որ իր նախագծում Ռաֆֆի Ետալյանն անդրադառնում է համամարդկային թեմաների. այն Հայաստանի մասին չէ, այլ հնարավորություն, որ Հայաստանը պատմի, կիսի իր փորձն ու ընկալումները և դառնա այս աշխարհի կարևոր ձայներից մեկը. «Հայկական ազգային տաղավարում ներկայացվելու է մի ամբողջ քանդակային և ձայնային ինստալյացիա. սա պարզապես մեկ աշխատանք չէ, այլ ամբողջ տարածության ձևակերպում և ձևավորում, որի մասը լինելու է ձայնային ինստալացիան, ինչպես նաև քանդակային ինստալացիան և տարբեր ջրային գոտիներ, որոնք ստեղծելու են ամբողջ կոնցեպտի միջավայրը՝ Ռաֆֆի կողմից շատ ճշգրիտ, երկար մտածված ու համադրված»:

Նշենք, որ Մալթայի 2-րդ միջազգային բիենալեն միավորում է Մալթայի և Գոզոյի պատմական վայրերը՝ ստեղծելով ցուցադրական միջավայր, որտեղ անմիջական երկխոսություն է ծավալվում ժամանակակից արվեստի և մշակութային ժառանգության միջև։ Այս տարի բիենալեի շրջանակում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկներից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է նաև ազգային և թեմատիկ 29 տաղավարնների ձևաչափով, ինչը բիենալեն դիրքավորում է տարածաշրջանի խոշորագույն և առավել տեսանելի միջազգային մշակութային իրադարձությունների շարքում։