Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։
Մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիր, որտեղ անցկացվում են գեղասահորդների մարզումները։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը հետևել է մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին և մաղթել հաջող ու վստահ ելույթ Օլիմպիական խաղերում։
«Անկասկած, սրտատրոփ հետևելու ենք ձեր մրցելույթին: Հավատացած եղեք՝ մեր դրական էներգիան փոխանցում ենք ձեզ՝ հույսով, որ հաջողությունը կլինի ձեր ուղեկիցը: Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հետաքրքրվելով մարզիկների նախապատրաստական ընթացքով, ֆիզիկական պատրաստվածությամբ:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինի Հայաստանի դրոշակակիրը: Գեղասահորդների խոսքով՝ սա իրենց համար մեծ պատասխանատվություն և պատիվ է։ ԿԳՄՍ նախարարի հետ զրույցում նրանք շնորհակալություն են հայտնել աջակցության և ջերմ բարեմաղթանքների համար: Կարինա Ակոպովան նշել է՝ Սոչիում, ապա Երևանում անցած նախապատրաստությունից հետո իրենք լավագույնս պատրաստ են Օլիմպիական խաղերին և մեծ ոգևորությամբ են սպասում մրցումների մեկնարկին:
Հիշեցնենք՝ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: