ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի նախագիծը։
Միջպետական համաձայնագիրը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ փաստաթուղթը հաստատվել է նաև Կառավարության համապատասխան որոշմամբ։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այն կարևոր քայլ է Հայաստան-Հունաստան միջմշակութային համագործակցության խորացման տեսանկյունից։ Փաստաթուղթը, նախևառաջ, նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ միաժամանակ ծառայելով որպես նախադեպ՝ այլ երկրների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու համար։
«Համաձայնագրի վավերացումը թույլ կտա լավագույնս պաշպանել մեր մշակութային արժեքները և ստեղծել լրացուցիչ գործիքակազմ դրանց պահպանության համար»,– նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը հունական կողմի հետ քննարկվել է ԿԳՄՍ նախարարի՝ Հունաստան կատարած վերջին այցի ընթացքում։
Անդրադառնալով Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին հատկապես մշակույթի ոլորտում երկկողմ կապերը զգալիորեն ակտիվացել են։ Արդեն իսկ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր երկու երկրների մշակութային տարբեր կառույցների միջև՝ թանգարանների, գրադարանների, կինոյի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Արթուր Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ քննարկվող համաձայնագրով նախատեսվում է մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, ոլորտի մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացում, որոնք կնպաստեն մշակութային ժառանգության պահպանությանը՝ խթանելով ոլորտի ընդհանուր զարգացումը։
«Սա հերթական կարևոր և դրական քայլն է մշակութային արժեքների պաշտպանության և ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ»,– ընդգծել է նա։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագրի որոշ դրույթներ, որոնք առնչվում են մասնագետների վերապատրաստման գործընթացներին, մշակութային արժեքների վերականգնման և ռեստիտուցիայի հետ կապված հարաբերություններին, կարող են ենթադրել ֆինանսական պարտավորություններ․ «Մեր գնահատմամբ՝ բյուջետային լրացուցիչ հատկացումների կամ նույնիսկ վերաբաշխման անհրաժեշտություն չի առաջանա՝ հաշվի առնելով, որ մշակութային հաստատություններն արդեն իսկ ունեն գործող վերապատրաստման ծրագրեր, և սա շարունակական գործընթաց է։ Իսկ եթե երբևէ առաջանա մշակութային արժեքի վերադարձի կամ փոխանցման անհրաժեշտություն, ապա համապատասխան ծախսերը լիովին հիմնավորված և ընկալելի կլինեն»։
Անդրադառնալով ոլորտը կարգավորող միջազգային իրավական դաշտին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիան՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը արգելելու և կանխելու մասին։ Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում ստեղծվել է համապատասխան միջկառավարական մարմին, որտեղ մեր երկիրը ներկայացուցիչ ունի։
«Այս կառույցը ձևավորում է ոլորտում համագործակցության ընդհանուր փիլիսոփայությունն ու մոտեցումները, սակայն կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքների պահպանման դրույթների արդյունավետ կիրառման համար երկկողմ համաձայնագրերը չափազանց կարևոր են»,– ընդգծել է նա։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հունաստանը ԵՄ անդամ պետություն է, տվյալ համաձայնագիրը կարող է դառնալ ամուր հիմք՝ Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից կարևոր և շահագրգիռ այլ երկրների հետ նմանատիպ համագործակցության փաստաթղթեր կնքելու համար։
Գլխադասային հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. համաձայնագիրը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: