ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը:
Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում տեղի կունենան տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերիի հետ, AI-ի միջոցով ավարտական համատեղ ֆիլմերի ստեղծում:
Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ․ փետրվարի 10-ը ներառյալ «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջին https://tinyurl.com/5b3jrs64 ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ: Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26):
Դասընթացի տևողությունը մեկուկես ամիս է: Դրանք կիրականացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարով կամ գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ https://surl.li/nlzkfn: