Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:
Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: