ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) կազմակերպել է «Փաստերի ռազմավարական կիրառումը կրթական քաղաքականությունների մշակման գործընթացում» երկօրյա սեմինարը:
Բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Անդրեյ Վիտրենկոն, Եվրոպական կրթական հիմնադրամի տվյալների և վերլուծության ստորաբաժանման ղեկավար Հյուգ Մուսին, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից պատվիրակություններ, կրթական ոլորտի տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը կրթության զարգացման գործում:
«Մենք կրթական տարբեր մակարդակներում շարունակական բարեփոխումներ ենք իրականացնում բազմաբնույթ ծրագրերի միջոցով: Դրանք վերաբերում են թե՛ ուսումնական հաստատությունների ղեկավարմանը, թե՛ ուսումնական գործընթացի բովանդակությանը, թե՛ դասավանդողների վերապատրաստմանը: Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ուսումնասիրելու և հասկանալու այլ երկրների փորձը, որը կարող է օգտակար լինել ծրագրերի լավարկման, անհրաժեշտ փոփոխություններ և վերանայումներ կատարելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ վստահություն հայտնելով, որ սեմինարը կլինի հնարավորինս արդյունավետ:
Նա համագործակցված աշխատանքի և համատեղ ջանքի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մաղթել հաջող ընթացք:
Սեմինարի առանցքային նպատակն է ամրապնդել կրթության ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողությունները վերլուծության, տվայալահենք քաղաքականության մշակման և գնահատման ոլորտում: Սեմինարը համագործակցային միջավայր է փորձի փոխանակման համար՝ զարգացնելով խնդիրների կառուցվածքային վերլուծության, փոփոխության տեսության ձևավորման, մշտադիտարկման և գնահատման ցուցիչների ընտրության հմտությունները:
Սեմինարի ընթացքում անցկացվող աշխատարաններում խմբերը քննարկելու են թեմատիկ խնդիրներ: Նախատեսված է նաև այց Երևանի Թումո կենտրոն:
Սեմինարը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի շրջանակում: