ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ստեղծվող «Լոֆթ» երիտասարդական կենտրոն, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և գույքով համալրման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, «Լոֆթ» երիտասարդական կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչները:
Նշվել է, որ 2026 թվականի սկզբին կենտրոնն ամբողջությամբ կգործի: Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում ավարտական վերջին փուլի աշխատանքների պատշաճ կազմակերպումը։ Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ընդգծել, որ կենտրոնը պետք է լիարժեք գործարկվի՝ տեղի երիտասարդության համար ապահովելով ժամանակակից, բովանդակային առումով հագեցած միջավայր: Ըստ նախարարի տեղակալի՝ կենտրոններում կիրականացվեն երիտասարդական պետական քաղաքականությանը համահունչ միջոցառումներ, երիտասարդների համար կապահովվեն կարողությունների զարգացման հնարավորություններ, ինտելեկտուալ ժամանց:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ մարզաբնակ երիտասարդներին ուղղված Կառավարության ծրագրով նախատեսված այս միջոցառումը ենթադրում է Կառավարություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցություն ինչպես կենտրոնների գործարկման, այնպես էլ դրանց բնականոն գործունեության կազմակերպման առումով։
Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը ՏԻՄ ներկայացուցիչների և երիտասարդական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր։