ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Քննարկվել են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության միջազգային մրցունակության բարձրացման և կրթական բովանդակության արդիականացման հարցերը, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը UCL-ի կողմից խորհրդատվական աջակցության շրջանակում հետագա աշխատանքները։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ոլորտային բուհերի և կազմակերպությունների հետ պատվիրակության հանդիպումները, որոնք կնպաստեն մանկավարժական կրթության հնարավորությունների և մարտահրավերների քարտեզագրմանն ու արտացոլմանը ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի հայեցակարգում։

Նախարարն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակը, որը նախաձեռնվել է ինստիտուցիոնալ փոփոխությունների ապահովման նպատակով։ Այս առումով Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է մանկավարժական կրթության որակի լավարկումը, քանի որ վերջինս անմիջականորեն արտացոլվում է նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության և հանրային կյանքի այլ կարևոր ոլորտներում։

Անդրադառնալով ոլորտում մարդկային ռեսուրսների խնդրին՝ նախարարը կարևորել է մանկավարժական գործունեության գրավչության և մրցունակության բարձրացման, երիտասարդների ներգրավման և լավագույն մասնագետների պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ թե՛ խրախուսելով ուսուցիչների առարկայական գիտելիքների և դասավանդման հմտությունների ու կարողությունների զարգացումը, թե՛ գործուն հնարավորություններ ստեղծելով մանկավարժության ոլորտում գիտահետազոտական աշխատանքի համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բուհերի կողմից միջազգային համագործակցության հնարավորությունների լավագույնս օգտագործումը, օրինակ՝ Բոլոնիայի գործընթացի, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև միջազգային առաջատար փորձագիտական ներուժի, այդ թվում՝ սփյուռքի ներգրավումը՝ որպես նախանշված գործընթացի կյանքի կոչման ակտիվ մասնակիցների։

Հանդիպման ընթացքում Նորբերտ Պախլերը ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի մանրամասները, ՀՀ պետական բուհերի, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների, ոլորտի շահագրգիռ պետական և մասնավոր նախաձեռնությունների և անհատների հետ հանդիպումների արդյունքում արձանագրված նկատառումներն ու առաջարկները։

Նա առանձնակի կարևորել է ուսանողի համարժեք փորձառության և որակյալ համալսարանական կյանքի ապահովումը, գրավիչ կրթական ծրագրի ձևավորումը, դասավանդող անձնակազմի վերապատրաստումը և կարողությունների զարգացումը, ինչպես նաև մանկավարժական ուղղությամբ գիտական գերազանցությունների կենտրոնների ստեղծումը։

Նորբերտ Պախլերը հայտնել է, որ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման աջակցությանը նվիրված իրենց այցերը և խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում՝ լավագույնս ուրվագծելու համար հետագա աշխատանքների ճանապարհային քարտեզը։