ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ հետևելու Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքի ընթացքին։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային պայմաններին, ուսումնամարզական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանդիպել է մարզիչներին և հավաքականների անդամներին։ Հասմիկ Ավագյանը զրուցել է մարզիկների հետ՝ հետաքրքրվելով նրանց պատրաստվածության մակարդակով, ինչպես նաև առաջիկա ծրագրերով։

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն ակտիվորեն նախապատրաստվում են 2026 թվականի մրցաշրջանին։ Առաջիկայում՝ փետրվարի 6-8-ը, ազգային հավաքականներն ու մինչև 23 տարեկանների թիմերն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Այնուհետև՝ մարտի սկզբին, Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, իսկ ապրիլին Ալբանիայում կանցկացվի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հաջողություն է մաղթել ըմբիշներին, կարևորել շարունակական ու նպատակային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հավաքականները միջազգային հարթակներում պատվով կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։