2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Երգեցողություն» անվանակարգով մասնակցության համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Արվեստագետները կարող են հանդես գալ սոլո, խմբով կամ նվագակցողի ուղեկցությամբ հետևյալ ժանրերում՝ փոփ, էստրադային, ռոք, էթնո, ջազ, սոուլ, քաղաքային և այլն։ Խմբում պետք է լինի առավելագույնը 6 անդամ, ընդ որում՝ բեմում կարող է լինել 5 արվեստագետ։ Երգերը պետք է լինեն նոր ստեղծագործություններ։ Մասնակիցը կարող է լինել ստեղծագործության հեղինակը/կոմպոզիտորը կամ երրորդ կողմի ստեղծագործությունների կատարողը։ Վերջին դեպքում անհրաժեշտ է կցել հեղինակների/իրավատերերի գրավոր թույլտվությունները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.
- լրացված դիմում-հայտաձև
- դիմողի ինքնակենսագրություն, խմբի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն
- ձայնային մուլտիմեդիա (ընդունվող ձևաչափեր՝ mp4, flv կամ ֆայլի URL, չափը՝ առավելագույնը 64 ՄԲ, տևողությունը՝ առավելագույնը 5 րոպե)
- տեսաֆայլ (ընդունվող ձևաչափեր՝ mp4, flv կամ ֆայլի URL, չափը՝ առավելագույնը 64 ՄԲ, տևողությունը՝ առավելագույնը 3 րոպե)
- արվեստագետի, խմբի լուսանկար (ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, տպման նվազագույն չափ՝ 10 × 7 սմ, չափը՝ առավելագույնը 15 ՄԲ)
- Երգի ֆրանսերեն թարգմանություն (ձևաչափեր՝ pdf, doc, docx, չափը՝ առավելագույնը 1 ՄԲ)
Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: