2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Կերպարվեստ» անվանակարգով մասնակցության համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.
- լրացված դիմում-հայտաձև
- դիմողի ինքնակենսագրություն
- մրցույթի համար նախատեսված, մրցույթից առաջ չցուցադրված ստեղծագործության լուսանկար, HD (300 DPI), առանց հեղինակային սահմանափակման՝ ոչ-առևտրային օգտագործման համար (ընդունվող ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, մինչև 15 ՄԲ, 300 ppp, տպագրության նվազագույն չափ՝ 10×7 սմ)
- 5 լուսանկար նկարչի 5 այլ ստեղծագործություններից (ընդունվող ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, մինչև 15 ՄԲ, 300 ppp, տպագրության նվազագույն չափ՝ 10×7 սմ)
- ստեղծագործության համառոտ ներկայացում (pdf, doc, docx, մինչև 2 ՄԲ)
- հոդվածներ, մամուլի հրապարակումներ (առկայության պարագայում)
Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: