ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների ամրակայման և վերականգնման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ երբեք պետության կողմից հուշարձանների ոլորտն այսչափ ուշադրության կենտրոնում չի եղել. անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն. «Մասնավորապես՝ եթե 2018 թվականին պետական բյուջեից հուշարձանների պահպանությանն ընդամենը 127 մլն դրամ է հատկացվել, ապա 2025 թ. պետական հատկացումն արդեն 1.4 մլրդ դրամ է կազմում: Ընդ որում՝ այս աճը ներառում է նաև եկեղեցիներն ու վանքերը․ միայն դրանց վերականգնման, ամրակայման, պեղումների և նախագծային աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 1.69 մլրդ դրամ»։
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ ծրագրում ընդգրկվել են բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Իրինդի Սուրբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Տեղի Սուրբ Գևորգ, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե, Սոլակի Սուրբ Աստվածածին, Կամարիսի Սուրբ Հովհաննես, Բնունիսի Սուրբ Աստվածածին, Փարպիի Ծիրանավոր, Կիրանցի Սուրբ Երրորդություն, Ոսկեպարի, Բյուրականի Սուրբ Հովհաննես, Գնդևազի եկեղեցիները, Քոբայրավանքը, Մարտունու Հին Գետիկի և Սանահինի վանքերը, Շատիվանքի վանական համալիրը, Գոշավանքի գավիթը, Հաղպատի վանական համալիրը, Երերույքի և Պտղնիի տաճարները և այլն:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ պետության հոգածությունը չի սահմանափակվում միայն եկեղեցիների ու վանքերի վերականգնմամբ։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է հոգևոր արժեքների՝ Հայաստան վերադարձնելու քաղաքականությանը: Նա տեղեկացրել է՝ միայն վերջին տարիներին Կառավարությունը ձեռք է բերել երկու բացառիկ ձեռագիր և փոխանցել Մատենադարանին՝ այս նպատակով հատկացնելով ավելի քան 130 միլիոն դրամ: Վերջերս նաև 175 միլիոն դրամ է հատկացվել միջնադարյան եկեղեցու փայտե դռան փեղկի ձեռքբերմանը, որը Մեծ Բրիտանիայից կփոխանցվի Հայաստանին: