Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» խորագրով վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է «Ստեղծարար մասնագետներ՝ տնտեսության համար» կարգախոսի ներքո:

Դասընթացը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այն մի քանի ոլորտների փոխհամագործակցության արդյունք է. «Մեզ համար շատ կարևոր է բոլոր մակարդակներում կրթության որակի էական փոփոխություն ապահովել: Դրական արդյունք կարող է արձանագրվել, եթե կրթության համակարգի բոլոր ոլորտների ներկայացուցիչները հետաքրքրված են համապատասխանաբար հանրակրթության, միջին մասնագիտական և բուհական բնագավառներում կատարվող փոփոխություններով: Մասնավոր հատվածի հետ համագործակցային աշխատանքն այս գործընթացի շարժիչ ուժերից մեկն է՝ հատկապես միջին մասնագիտական կրթության համակարգում դրական փոփոխությունների իրականացման առումով»:

Նա շնորհակալություն է հայտնել Հովնանյան հիմնադրամին՝ կրթության պետական քաղաքականությանն աջակցելու համար՝ համոզմունք հայտնելով, որ մասնագիտական կրթության ոլորտում մեկնարկած բարեփոխումները որակական փոփոխություններ են բերելու:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ՄԿՈՒ ոլորտում առկա է նկատելի տեղաշարժ, որի մասին են փաստում նաև վերջին տարիների ընդունելության ցուցանիշները:

«Նախորդ տարի հիմնական դպրոցների ավելի քան 16 հազար շրջանավարտներ ընդունվել են մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Պետության քաղաքականությունը տնտեսության համար գերակա ճանաչված ուղղություններով ևս իր արդյունքները տալիս է՝ ավելի մեծ աճ է գրանցվել պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտությունների ուղղությամբ: Ընդունելության աճին նպաստել է նաև կրթաթոշակային նոր քաղաքականությունը. գերակա մասնագիտություններով սովորողներին պետության կողմից 50 հազար դրամ կրթաթոշակ է հատկացվում առաջին տարում, որը հետագայում պահպանվում է՝ հաշվի առնելով սովորողի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/: Որակյալ կրթության մասին խոսելիս՝ թվերի աճը դեռևս բավարար երաշխիք չէ, հետևաբար շատ կարևոր է, որ մասնագիտական կրթության համակարգը տնտեսության համար որակյալ կադրեր պատրաստի: Այս ուղղությամբ ևս պետությունը նոր գործընթաց է մեկնարկել. խոսքը մասնագիտական ուղղությամբ դասավանդողների վերապատրաստման և ատեստավորման մասին է: Նախորդ տարի ատեստավորում է անցկացվել մասնագիտական 4 ուղղությամբ՝ խոհարարություն, ոսկերչություն, գյուղատնտեսություն և ՏՏ, որոնց այս տարի ավելացել է նաև տեքստիլ ուղղությունը: Բնականաբար, այս փուլում դեռ դանդաղ տեմպերով ենք գնում, որովհետև մարդկային ռեսուրսի խնդիր ունենք վերապատրաստումների կազմակերպման, թեստերի մշակման, ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ կապված, բայց առաջիկա տարիներին ատեստավորման ուղղություններն ընդլայնվելու են և ընդգրկելու են բոլոր ոլորտները»,- նշել է նախարարի տեղակալը՝ կարևորելով վերապատրաստումների արդյունավետությունը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ կարևոր են նաև մանկավարժական և մանկավարժահետազոտական բաղադրիչները, և հաջորդ փուլի խնդիրն է կենտրոնանալ արդեն իսկ վերապատրաստում անցած, ատեստավորված մասնագետների մանկավարժական հմտությունների, հետազոտական կարողությունների զարգացման վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը խոսել է արհեստական բանականության գրագետ օգտագործման մասին: Ըստ նրա՝ ուսումնական գործընթացում փոխկապակցված են մանկավարժական, մասնագիտական, տնտեսության և աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը, որոնք էական ազդեցություն ունեն մասնագիտական կրթության որակի փոփոխության վրա։

«Բնականաբար, մասնագիտական կրթության փոփոխության ամենակարևոր գործոնները մասնավորի հետ համագործակցությունը և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերի ներդրումն են։ Կարևոր է, որ մեր ուսանողներին կարողանանք ոչ միայն տեսական գիտելիքներ տալ և որոշակի գործնական հմտություններ ձևավորել, այլ իրապես ստեղծել պայմաններ՝ տեղերում և գործատուների մոտ ժամանակակից պայմաններում աշխատելու առումով»,- նշել է նախարարի տեղակալը և ընդգծել մասնագիտական կրթության ոլորտում ներդրումների կարևորությունն ինչպես մասնագիտական ռեսուրսի, այնպես էլ ենթակառուցվածքների բարելավման ուժեղացման ուղղությամբ։

«ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» խորագրով վերապատրաստման ծրագրի առանցքային նպատակն է ՄԿՈՒ համակարգում ձևավորել այնպիսի դասախոսական ներուժ, որը կկարողանա պատրաստել ոչ միայն հմուտ կատարողներ, այլև հետազոտողի մտածողությամբ, նախաձեռնող և փոփոխվող աշխատաշուկային արագ հարմարվող մասնագետներ։

Ծրագրի շրջանակում վերապատրաստում կանցնեն շուրջ 80 ՄԿՈՒ դասախոսներ՝ ձեռք բերելով հետազոտական կարողություն՝ ուղղված տնտեսության համար ստեղծարար հմտություններով մասնագետների պատրաստմանը: