«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ լիագումար նիստում։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության նպատակը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լիազորող նորմի սահմանումն է, որը հնարավորություն կտա սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ հաստատել, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի մշակել, ներդնել սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստր։
«Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման համատեքստում առանձնակի կարևորություն ունեն հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը։ Այդ շրջանակում էական է մարզադպրոցների վերաբերյալ վարչական տվյալների առկայությունը, այդ թվում՝ մարզադպրոցների տվյալները, գործող մարզաձևերը, խմբակները, սաների կողմից ցուցաբերած մարզական արդյունքները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն»,- ասել է Հասմիկ Ավագյանը և հավելել, որ փաստահեն քաղաքականությունը հնարավորություն կտա սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդել՝ խրախուսելով նրանց զբաղվելու նախընտրած մարզաձևով։
Նա տեղեկացրել է՝ տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառումների անվանումները, համայնքային, մարզային և եզրափակիչ փուլերում մասնակիցների թիվը, ինչպես նաև մասնակիցների և հաղթողների համամասնությունը ըստ մարզերի և այլն։ Համակարգում կներառվեն նաև մարզական բարձր նվաճումներին, այդ թվում՝ հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալներ, որոնք կարտացոլեն ՀՀ առաջնություններում և միջազգային մրցաշարերում տարբեր մարզաձևերում գրանցված բարձր արդյունքները, նվաճած մեդալների ընդհանուր թիվը և այլ կարևոր տվյալներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային և բարձր նվաճումների սպորտի, մանկապատանեկան մարզադպրոցների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը։ Նա նաև նշել է՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից ստացված առաջարկները ներառվել են նախագծում: