Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը:

Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ. 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը:

Ձեռք է բերվել նաև գերհամակարգիչ, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025 թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։

Բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։

Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ում արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։

Գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես, օրինակ՝ հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին՝ գիտական կոնկրետ խնդիրների լուծման, ինչպես նաև կրթական նպատակով։

Գիտության ոլորտում Կառավարության լայնածավալ բարեփոխումների համատեքստում ոլորտի պետական ֆինանսավորումը 2018 թ.-ից սկսած աճել է շուրջ եռակի անգամ:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքները, մասնավորապես, հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական միջավայր: