Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը։

Այս կապակցությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին՝ մաղթելով ուժ, ամուր առողջություն և ստեղծագործական եռանդ. «Վստահաբար, Դուք սիրված և գնահատված եք թե՛ պետության, և թե՛ հանդիսատեսի կողմից: Այժմ Դուք ստեղծագործական կարևոր ծրագրի իրականացման և համատեղ նոր նախաձեռնությունների փուլում եք: Վստահ եմ՝ պետության աջակցությամբ Վահանի Տերյանի 140-ամյակին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի աշխատանքները կհասնեն իրենց տրամաբանական ավարտին: Մաղթում եմ նորանոր հաջողություններ»:

Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար՝ նշելով. «Ծննդյան օրվա շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդ կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում»։

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը: