Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։

Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլին մասնակցել է ավելի քան 8000, իսկ Վոլեյբոլի լիգայի համայնքային փուլին՝ ավելի քան 5000 երեխա։

Բացի այդ՝ 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո դպրոցականների շրջանում անցկացվել են նաև սիրողական սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի և լողի մրցաշարեր։ Վերջինս առաջին անգամ է անցկացվել բացառապես դպրոցականների համար՝ լողավազաններում։

«Նախորդ տարվա 9700-ի փոխարեն այս տարի ունեցել ենք ավելի քան 25 200 երեխաներ, որոնք մասնակցել են Վարչապետի գավաթի մրցաշարերին։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ աճը էական է, սակայն սա ամենևին մեր իդեալական վերջնակետը չէ։ Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա զբաղվի սպորտով՝ առնվազն իր նախընտրած մարզաձևով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ներկայում շրջանառվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են նաև սպորտի ոլորտում ներառականության խթանմանը։

Անվճար լողի պարապմունքներ դպրոցականների համար

Նա խոսել է նաև լողի խրախուսման ծրագրի մասին. ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում է մարզերում գործող մասնավոր լողավազաններում երեխաների լողի անվճար պարապմունքները։ Ծրագրում արդեն շուրջ 200 երեխա է ընդգրկված, իսկ գարնանը նրանց կմիանան նոր երեխաներ՝ նոր բնակավայրերից։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս տարի ծրագիրը կարող է համալրվել նոր մարզաձևերով։

Անդրադառնալով սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մարզային տիպային մարզահամալիրների շինարարությունը կմեկնարկի Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Դրանք կունենան պարտադիր լողավազան, խաղային մարզադահլիճ և այլ սպորտային ենթակառուցվածքներ՝ էապես փոխելով մարզերում սպորտով զբաղվելու հնարավորությունները։ Այնուհետև, սպորտի ռազմավարությանը համահունչ, ծրագիրը կշարունակվի նաև մյուս խոշորացված համայնքներում։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ այս տարվանից մեկնարկում է օլիմպիական նպաստի ծրագիրը հեռանկարային մարզիկների համար։ Հունվարից նրանք կսկսեն ստանալ առանձին մարզական նպաստ՝ առաջիկա Օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների» մրցույթին, որի նպատակն է խրախուսել սպորտի ոլորտի տարբեր մարզիկներին. «Ունենք շատ լավ արդյունքներ թե՛ կին մարզիկների, թե՛ հաշմանդամություն ունեցող մարզիկների, թե՛ խաղային մարզաձևերի, և թե՛ երիտասարդ մարզիկների շրջանում։ Այսպիսով՝ նրանք ստանում են տեսանելիություն և դառնում իրենց անվանակարգերում տարվա լավագույնների հաղթողներ»։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սպորտի ոլորտում աշխատանքները միտված են նաև կառավարման բարեփոխումներին. արդեն երկրորդ տարին է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաների հետ աշխատում է նոր ձևաչափով․ վերջիններիս ֆինանսական և հաշվապահական գործառույթներն իրականացնում է Սպորտի կառավարման կենտրոնը. «Այս տարի այդ ձևաչափով կսկսեն աշխատել ավելի մեծ թվով ֆեդերացիաներ։ Ոլորտում ներդրվում է նաև տեղեկատվական համակարգ․ մարզադպրոցների բաղադրիչն արդեն փորձարկված է, իսկ առաջիկայում թվային տիրույթում աշխատանքներ կկատարվեն նաև ֆեդերացիաների հետ»։

Ասուլիսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման ընթացքին, կրթահամալիրների կառուցմանը, «Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք», «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրերի մանրամասներին, դպրոցներում անվտանգության բարելավմանը, դասագրքերով ապահովմանը, գիտության ֆինանսավորմանը, սպորտի ոլորտի ընթացակարգերին և այլն:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման ընթացքի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է. «Հուշահամալիրը, թանգարանը բաց են, և որևէ օր և ժամ չեն փակվել: Ապրիլի 24-ին թանգարանը և հուշահամալիրը կգործեն բնականոն»,- շեշտել է նա: Վերականգնման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Ժաննա Անդրեասյանն ամենշաբաթյա այցեր է կատարում Ծիծեռնակաբերդ. «Մենք արդեն սկսել ենք երեք մույթի, սալերի տեղադրման աշխատանքները: Լրացուցիչ մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, և կարող եմ վստահաբար ասել, որ աշխատանքներն արվում են պատշաճ որակով՝ մասնագիտական հանրույթի հետ համագործակցելով»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կրթահամալիրների կառուցմանը՝ տեղեկացնելով, որ կրթահամալիրներն ապահովված են լինելու նախակրթարաններով, ինչպես նաև նախատեսված է տրանսպորտային միջոց՝ երեխաների տեղափոխումն ապահովելու նպատակով:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում անվտանգության խնդրին՝ նշելով, որ այս ուսումնական տարին հայտարարված էր Անվտանգ և ապահով կրթության տարի, որի շրջանակում ամեն ինչ արվելու է՝ ուժեղացնելու կրթական միջավայրի անվտանգային համակարգը, այդ թվում՝ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Սպորտի ոլորտում ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ նախարարը նշել է, որ Կառավարությունը շարունակաբար մեծացնում է ոլորտի հատկացումները. 2026 թվականին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա է 500 մլն դրամով:

«Կառավարությունը նաև մի շատ կարևոր կարգ է փոխել, որը վերաբերում է ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, մասնավորապես՝ օրապահիկի և գիշերակացի սահմանաչափերին. նախկինում սահմանված 9800 դրամի փոխարեն արդեն երկու տարի է՝ մեկ օրվա արժեքը սահմանված է 16300 դրամ: Տասնյակ տարիներ այն չէր փոխվել, այնինչ ակնհայտ է՝ մարզիկի համար լավ մարզավիճակում մնալու համար կարևոր է նաև ճիշտ սննդակարգը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Կապանը հայտարարվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, իսկ Մեղրին՝ 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Նա հորդորել է քաղաքացիներին այցելել Կապան և Մեղրի՝ մասնակցելու տարվա ընթացքում իրականացվող հետաքրքիր միջոցառումներին: