Աբովյանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցում այսօր հրավիրված 2025 թ. հաշվետու ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտին, մատնանշել է մի քանի կարևոր թիրախներ, որոնք ցույց են տալիս նաև Կառավարության հիմնական քաղաքականությունը։

Մշակույթի ապակենտրոնացում

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրելու. «Մեր բոլոր մշակութային հաստատություններն իրենց տարեկան պլանի մեջ մարզերում հյուրախաղեր իրականացնելու առաջադրանք են ունենալու: Անհրաժեշտ է հիշատակել 2025 թվականին Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային համերգների անցկացումը. այլ հաստատություններ ևս իրենց նոր խաղաշրջանները սկսել են հենց մարզային տարբեր բնակավայրերից: Առանձնահատուկ պետք է ընդգծել, թե ինչպես են մարդիկ սպասում այդ համերգներին ու միջոցառումներին: Մարզերում մշակութային կյանքի զարգացումն առաջ է բերում նաև ներքին տուրիզմի շատ մեծ հնարավորություններ. քաղաքացիները բացահայտում են մեր երկիրը, ճամփորդում մի բնակավայրից մյուսը, որպեսզի ներկա լինեն մշակութային միջոցառումներին: Այս ուղղությամբ, հատկապես, հաջողված նախագծերից է «Ֆեստիվառ» փառատոնը, որը դարձել է իսկապես սպասված: Այս տարի փառատոնն առաջին անգամ փորձարկեցինք Ջերմուկում ձմեռային ձևաչափով՝ բացօթյա, և մարդկանց մասնակցությունն ու տրամադրությունը ցույց տվեցին, որ ձմռանը նույնպես «Ֆեստիվառը» սպասված է: 2025 թվականին ունեցել ենք ավելի քան 106 հազար մասնակից միայն առանձին ծրագրերի՝ փառատոների և տարբեր նախագծերի մասով»։

Թանգարանային առարկաների ձեռքբերում

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև մշակութային ժառանգության ոլորտում կարևոր ծրագրերն ու ձեռքբերումները: Նրա ընդգծմամբ՝ նախարարության կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել մշակութային արժեքների ցանկը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարությունը վերականգնել է թանգարանների համալրման բյուջեն. «Մատենադարանի համար ձեռք է բերվել արժեքավոր ձեռագիր, որը սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ փոխանցվեց Մատենադարանին: Տարեվերջին գնվել է 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը Մեծ Բրիտանիայից առաջիկայում կտեղափոխվի և կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում: Այն հայկական փայտագործական ավանդույթի, զարդանախշերի կատարման որակով և մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է իրենից ներկայացնում. աշխարհում մինչ այս հայտնի էին ընդամենը ութ նման նմուշներ: Բնականաբար, այս բացառիկ ցուցանմուշն առանձին ցուցադրությամբ կներկայացվի հանրությանը»:

Մշակութային միջոցառումներ՝ միջազգային համագործակցությամբ

Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ թանգարանային ոլորտում աշխատանքի կարևոր ցուցիչ է նաև միջազգային համագործակցությունը, որի շրջանակում նախորդ տարի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է ցուցադրություն. «Նախատեսվում է նաև Բեռլինի թանգարանի հետ համագործակցություն, առկա է պայմանավորվածություն առ այն, որ Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրություն կկազմակերպի Ակրոպոլիսում: Այն նույնպես ամենահաճախ այցելվող զբոսաշրջային վայրերից է, և այս համագործակցությունը մշակութային ժառանգության տեսանելիության բարձրացման ևս մի կարևոր քայլ կլինի»:

Նա հիշատակել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում Իրանի Պերսեպոլիսում կազմակերպված համերգը, որը պատմական էր թե՛ վայրի նշանակությամբ, թե՛ միջոցառման մակարդակով:

Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ միջազգային հեղինակավոր աստղերի հյուրախաղերի կազմակերպման քաղաքականությունը շարունակական է լինելու: Այս տարի արդեն մրցույթ է հայտարարվել՝ իրականացնելու նոր համագործակցություններ: Նա հիշեցրել է, որ շուրջ 15000 զբոսաշրջիկ է ներկա եղել Ջենիֆեր Լոպեսի համերգին:

Մշակույթի տնտեսականացում. սեփական եկամուտների աճ

Մշակույթի ոլորտի անդրադարձը նախարարն ամփոփել է մշակույթի տնտեսականացման քաղաքականությամբ՝ ներկայացնելով թվային ցուցանիշներ: Ավելի քան 10 թատերահամերգային հաստատությունների կապիտալ հատկացումները 2025 թվականին կազմել են 948 միլիոն դրամ: 2025-ին թանգարանները կարողացել են այցելությունների միջոցով սեփական եկամուտների աճ գրանցել՝ այն հասցնելով 1 մլրդ 662 միլիոն դրամի:

Ցուցանիշն ավելի նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում. ֆինանսավորման նոր մոդել է ներդրվել, ըստ որի՝ սեփական եկամուտները կրկնապատկվում են պետության կողմից։ 2022 թ. 1 մլրդ 634 մլն-ի փոխարեն 2025 թվականին թատերահամերգային կառույցների սեփական եկամուտները կազմել են 4 մլրդ դրամ. «Ստեղծվող պայմանները նպաստում են, որպեսզի այդ հաստատությունները տնտեսական գործունեության ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն»,- հավելել է նախարարը և նշել, որ նոր մոդելով աշխատում են Օպերային, Տիկնիկային և Կամերային թատրոնները: Նրա խոսքով՝ այս տարի նոր մոդելով աշխատող կառույցների թիվը կավելանա:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Ամանորի օրերին նույնպես մշակութային հաստատություններն աշխատել են. հունվարի 1-ին և 2-ին ավելի քան 700 այցելու է եղել չորս թանգարաններում:

1 մլրդ 386 միլիոն դրամ՝ 23 հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման համար

Ըստ նախարարի՝ բազմապատկվել են հատկացումները հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման նպատակով: 2022-ի 216 միլիոն դրամի համեմատ՝ 2025-ին հատկացվել է 1 մլրդ 386 միլիոն դրամ՝ 23 հուշարձանի համար: Մասնավորի հետ համագործակցությամբ նույնպես մի շարք հուշարձաններ են վերականգնվում, որոնցից նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Երևանի պատմամշակութային զարդերից մեկի՝ Կարմիր կամուրջի վերականգնումը, որը կարող է դառնալ զբոսաշրջային ակտիվ կենտրոն:

Նախարարն անդրադարձել է նաև կրթության և սպորտի ոլորտներին, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: