Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Մինչ անցնող տարվա հիմնական ձեռքբերումներն ու հաշվետու ցուցանիշները ներկայացնելը՝ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին: Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է Հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համահունչ կարողունակությունների ցուցանակները՝ ընդգծելով, որ ուսումնական միջավայրը պետք է համահունչ լինի չափորոշչի նպատակներին:

1600 աշակերտ ունեցող դպրոցն ապահովված է նոր գույքով և բնագիտական լաբորատորիարներով, որոնցից մեկում նախարարի այցի պահին աշակերտները «Կենսաբանություն» առարկայի նախագծային աշխատանք էին իրականացնում: Դպրոցն ունի գրադարան, մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: Ապահովվում է նաև համապատասխան ֆինանսավորում՝ լաբորատոր փորձերի նյութերի, ինչպես նաև գրադարանի համալրման նպատակով:

Շրջայցից հետո նախարարը ներկայացրել է 2025 թվականի հիմնական ձեռքբերումները և պատասխանել լրագրողների հարցերին:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիր

«Այս հաստատությունը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ներառված ամենամեծ նորակառույց դպրոցներից մեկն է, որտեղ երեխաների համար ստեղծված են էապես նոր հնարավորություններ: Վստահ եմ, որ այստեղ սովորող երեխաներն իսկապես ունեն ստեղծագործելու, իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ: Այսպիսին պետք է լինի մեր երկրի յուրաքանչյուր դպրոց: Հենց սա է պատճառը, որ առաջին 300-ից հետո մեզ արդեն սպասվում է հաջորդ 300 դպրոցը: Վստահաբար, ծրագիրը կհասցնենք իր հանգրվանին, քանի որ արդեն իսկ ունենք ավարտված ավելի քան 100 դպրոցներ, 280 մանկապարտեզներ և նախակրթարաններ: Շատ կարևոր ցուցանիշ է գործընթացի կատարման տեմպը. եթե նախորդ տարի իրականացրել էինք շուրջ 53 միլիարդ դրամի չափով աշխատանքներ, ապա այս տարի ծրագրի շրջանակում շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ունենք, ինչը տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 123%-ով ավելի բարձր է»,- ներկայացնելով կրթության ոլորտի հիմնական աշխատանքները՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մսուր ծառայության ընդլայնում և ներառականության բարձր ցուցանիշ նախադպրոցական կրթության ոլորտում

Նախորդ տարվա թիրախային ծրագրերից նախարարը մատնանշել է նախադպրոցական կրթության ոլորտում մինչև երկու տարեկան երեխաների մսուրի ծառայության ընդլայնումը և վաղ մանկության տարիքի խմբերի ստեղծումը։ Երևանի թիվ 44 և թիվ 86 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն բացվել են նման խմբեր: 2026 թ. առաջին եռամսյակում վերոնշյալ խմբերը կգործարկվեն նաև Երևանի, Գյումրու, Վանաձորի 2-ական և Հրազդանի 1-ական հաստատություններում: Ծրագիրը դեռևս փորձնական է. այս տարի կգործարկվի ևս մեկ խումբ՝ 6-12 ամսական երեխաների համար:

Այս ոլորտում, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախորդ տարի ևս մեկ կարևոր աշխատանք է շարունակվել. ավելի քան 161 նախադպրոցական ոչ պետական հաստատություններ են լիցենզավորվել: Արդեն իսկ գործում են շուրջ 250 լիցենզավորված ոչ պետական հաստատություններ, որոնցում սովորում են ավելի քան 10000 երեխաներ։

«Նախորդ տարվա համեմատ ավելի բարձր ցուցանիշ ունենք ներառականության մասով. մանկապարտեզներում այսօր սովորում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխաներ: Երբ մենք այս ծրագիրը սկսեցինք, ընդամենը 91 երեխա էր դրանում ընդգրկված. այս մեծ ճանապարհն անցել ենք միասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը նախադպրոցական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից:

Ըստ նրա՝ լավ ցուցանիշներ ու դինամիկա են առկա նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի շնորհման գործընթացում. 2025-ի ավարտի դրությամբ՝ տարակարգ ունի 70 մասնագետ. նրանք պետական բյուջեից ստանում են համապատասխանաբար 30 և 40% հավելավճարներ:

Դպրոցների ֆինանսավորման աճ

Դպրոցներում ներդրումը չի սահմանափակվում միայն կապիտալ ծախսերով. առանձին ֆինանսավորում է հատկացվում հաստատությունների գործունեությանը և պահպանմանը: Նախարարի խոսքով՝ 2019-ին դպրոցների պահպանման ծախսերին կամ դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը հատկացվել է 86 միլիարդ դրամ, որը տարեցտարի աճել է. 2025-ին այն արդեն կազմում է ավելի քան 128 միլիարդ դրամ՝ 47% աճ՝ 2019-ի համեմատ: 2026 թվականի համար հաստատված է ավելի քան 131 միլիարդ դրամ:

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կազմում են ուսուցիչների շուրջ 31%-ը

Ուսուցիչների վարձատրության համատեքստում նախարարն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «Բողոքարկման արդյունքներն արդեն անփոփոխ են. նախորդ տարվա արդյունքները ներառյալ՝ ավելի քան 9600 ուսուցիչներ հաջողությամբ անցել են ատեստավորումը: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կազմում են ուսուցիչների շուրջ 31%-ը, այսինքն՝ ամեն երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում։ Սա շատ լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգն ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ»,- ասել է նախարարը և հավելել՝ 2025 թվականին կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները բարձրացված վարձատրություն կստանան՝ 2026 թ. հունվարից սկսած: Նա հայտնել է, որ համակարգի բարելավման նպատակով շարունակաբար հանդիպումներ են տեղի ունենում ուսուցիչների հետ:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ուսուցիչների խրախուսման ծրագրերին ուղղված պետական ֆինանսավորմանը՝ նշելով, որ եթե 2019 թվականին ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացվել է 266 միլիոն դրամ, ապա 2025 թվականին այս ուղղությամբ հատկացումը կազմել է 15.2 միլիարդ դրամ. աճը կազմում է 1163 %: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա ոչ միայն պարզապես թվային ցուցանիշ է, այլև հազարավոր ուսուցիչներին ընձեռված իրական հնարավորություն:

Այս համատեքստում նա անդրադարձել է գործող ծրագրերին, մասնավորապես՝ գյուղական փոքր դպրոցների, ինչպես նաև բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար առանձին հավելավճարների ծրագրերին, կամավոր ատեստավորմանը և տարակարգի նոր մեխանիզմին: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ 2026 թվականին արդեն իսկ այս նպատակների համար հատկացվել է շուրջ 20 միլիարդ դրամ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր ցուցիչ է նաև հանրակրթության համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թիվը, որը վկայում է Կառավարության քաղաքականության արդյունավետության մասին։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ 2024 թվականին և 2025 թվականի առաջին կիսամյակում դպրոց է մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ. նրանց շուրջ 80 տոկոսը մինչև 45 տարեկան անձինք են։

«Սա ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։ Մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածում դասավանդման մասին կամ իրենց փորձում էին այլ ոլորտներում, այսօր վերադառնում են դպրոց կամ առաջին անգամ մուտք են գործում համակարգ՝ համալրելով մեր ուսուցչական համակազմը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով այդ աշխատանքի համար։

Ընդունելության շարունակական դինամիկա ՄԿՈՒ ոլորտում, 50 հազար դրամ կրթաթոշակ գերակա ուղղություններով

Նախարարը խոսել է նաև ավարտական և միասնական քննությունների մասին՝ տեղեկացնելով, որ արդեն մի քանի տարի է՝ միասնական քննությունները կազմակերպվում են տարեկան երկու անգամ և հանդիսանում են ընդունելության համակարգի կարևոր բաղադրիչ։ Առաջիկա օրերին դպրոցներում կմեկնարկեն համապատասխան քննական գործընթացները։ Այս համատեքստում ներկայացվել են նախորդ տարվա ընդունելության ցուցանիշները, որոնք, նախարարի գնահատմամբ, բավական ոգևորիչ են՝ հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում։ «Նախորդ տարի քոլեջներ են ընդունվել ավելի քան 16 հազար ուսանողներ։ Վերջին երեք տարիներին ունենք դրական շարունակական դինամիկա, ինչը ցույց է տալիս, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ավելի մեծ թվով շրջանավարտներ են ընտրում ՄԿՈՒ համակարգը»,– նշել է նախարարը՝ շեշտելով, որ ընդունելության աճը գրանցվել է գերակա մասնագիտություններով: Խոսքն արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների մասին է. նշյալ ուղղություններով սահմանված է առնվազն 50 հազար դրամ ամսական կրթաթոշակ։ Եթե 2023–2024 ուսումնական տարում՝ ծրագրի մեկնարկի փուլում, այս ուղղություններով ընդունվել էր 874 ուսանող, ապա այժմ այդ թիվը հասել է 3040-ի։ Նախարարի խոսքով՝ սա հատկապես կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ նախկինում անգամ անվճար տեղերը հաճախ չէին համալրվում։

Բարձրագույն կրթության ոլորտ. 70 հազար դրամ կրթաթոշակ գերակա ուղղություններով

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության համակարգում գերակա մասնագիտությունների համար սահմանված կրթաթոշակային ծրագրին՝ ամսական առնվազն 70 հազար դրամի չափով: Նա ընդգծել է՝ մանկավարժական մասնագիտությունների գծով արձանագրվում է շարունակական աճ. «Ծրագիրն ի սկզբանե ուղղված էր բնագիտական ոլորտներում ուսուցիչ պատրաստող ուսանողներին, և այսօր արդեն որոշ բուհերում ունենք մրցութային ընդունելություն։ Տարեցտարի արձանագրվող աճը ցույց է տալիս, որ ուսուցիչների համալրման խնդիրն աստիճանաբար կարգավորվում է»։

Օտարերկրյա դիմորդների ընդունելիությունը կատարվում է fs.emis.am առցանց համակարգով

ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Անդրադառնալով այս գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս համակարգը բարձրացնում է գործընթացի թափանցիկությունը և զգալիորեն հեշտացնում դիմելու ընթացակարգը։ Նրա խոսքով՝ արդյունքում այս տարի գրանցվել է ավելի քան 2100 դիմում. «Հատկապես ուրախալի է, որ ոչ հայազգի, օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ։ Սա ևս կրթության ռազմավարության կարևոր ցուցանիշ է, քանի որ մեր նպատակն է առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը հայկական բուհերում»։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքի մասին

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության ամենախոշոր նախաձեռնություններից մեկին՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրին: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թվականն առանցքային էր նաև այս առումով, քանի որ Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին և օրենսդրորեն ամրագրել ակադեմիական քաղաքի կարգավորումները։

«Միևնույն ժամանակ, նախորդ տարին կարևոր էր նաև նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու տեսանկյունից։ Գլխավոր հատակագծի՝ օրենսդրությանը համապատասխան փաթեթը պատրաստվել և ներկայացվել է հաստատման, և առաջիկայում այն կանցնի համապատասխան ընթացակարգերը։ Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք տարածքի մաքրման ուղղությամբ, ընթանում են նաև պեղումներ, որոնց առաջին արդյունքները բավական հետաքրքիր են և հուշում են, որ ակադեմիական քաղաքում կարող է ձևավորվել նաև պատմամշակութային ժառանգության կարևոր ներկայություն»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միաժամանակ էական առաջընթաց է առկա ծրագրի բովանդակային բաղադրիչում՝ արտերկրի գործընկերների հետ մշակվում են կառավարման մոդելները, կլաստերների հայեցակարգերը և տարբեր ոլորտային նախագծեր:

Նախարարն անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի ոլորտի ձեռքբերումներին: