ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ջերմուկում «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի են ունեցել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Երկրորդ տարին անցկացվող մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերի մի քանի տասնյակ ստեղծագործողներ, որոնք հանդես են եկել որպես անհատ կատարողներ՝ ներկայացնելով իրենց ուսումնական հաստատությունները։ Ջերմուկում անցկացվող գալա-համերգին կատարումներով հանդես են եկել ընտրված 12 մասնակիցները:

Մրցանակներ են հանձնվել փառատոնի լավագույն մասնակիցներին՝ Նարե Մանգասարյանին, Նարինե Հարությունյանին, Արեգ Վարտանյանին, Անիկ Մարգարյանին, Գոհար Խաչատրյանին, Նարեկ Ստեփանյանին, Էլիզա Կրկորյանին, Կարինե Թադևոսյանին, Հայկ Հայրումյանին, Արաքսյա Բարսեղյանին, Մարիամ Հակոբյանին և Տիգրան Խաչատրյանին: Լավագույն մասնակիցներից բացի, դրամական պարգևներ են ստացել նաև մասնակիցների ուսուցիչներն ու ուսումնական հաստատությունները:

Մրցանակները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և շնորհավորել բոլորին գեղեցիկ երեկոյի առիթով: Նա նշել է, որ դպրոցականների, ուսանողների շրջանում այս մրցանակաբաշխության անցկացումը միտված է ստեղծագործական աշխատանքի կարևորության խրախուսմանը։