ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ոլորտի զարգացման և առաջնահերթությունների սահմանման հարցում ջանքերի համադրումը. «Պետությունը կարևորում է գրահրատարակչության խթանումն ու ոլորտի զարգացումը։ Այս նպատակով պետք է միասնաբար աջակցենք ընդհանուր անելիքներին»։

Հանդիպմանը մասնակցող հրատարակիչները ներկայացրել են ոլորտի խնդիրները և որպես համընդհանուր առաջնահերթություն՝ կարևորել ընթերցանության հմտությունների զարգացումը հանրակրթական դպրոցներում, մշակութային, կրթական բովանդակությամբ գրքերի առկայությունը դպրոցական գրադարաններում, ընթերցանության խթանմանը միտված միջոցառումների անցկացումը և այլն։

Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային գրականության արժեքավոր նմուշներ տպագրելու հնարավորության, Հայաստանի գրքի շուկան ըստ միջազգային պահանջների չափելի դարձնելու, գրքերի՝ թվային տիրույթում տեսանելի դարձնելու, միջազգային շտեմարաններին անդամակցելու և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։