ԱՄՆ կառավարության «Ապագա առաջնորդների փոխանակման» Ֆլեքս (FLEX) ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ԱՄՆ-ում ծանոթացել է ծրագրի իրականացման ընթացքի: ԿԳՄՍ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակցել է Ամերիկյան խորհուրդների գրասենյակում անցկացվող հանդիպումներին, ինչպես նաև ծանոթացել Պետդեպարտամենտում իրականացվող աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են FLEX ծրագրով սովորողների ընտրության ընթացակարգը, տեղի է ունեցել հանդիպում ծրագրի շրջանակում ներկայում ԱՄՆ-ում ուսուցում ստացող Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ այս ուսումնական տարում FLEX ծրագրի շրջանակում Հայաստանից ԱՄՆ են մեկնել 26 սովորողներ. նախորդ երկու տարիներին ծրագրի շահառու են եղել համապատասխանաբար 33 և 34 սովորողներ:
Ճանաչողական այց է կատարվել նաև Կոլորադո նահանգի 2 ավագ դպրոցներ, որոնցից մեկում այս տարի ՀՀ աշակերտներից մեկն է սովորում: Կազմակերպվել են հանդիպումներ հյուրընկալող ընտանիքների հետ:
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից. աշակերտներին տրամադրվում է ամբողջական կրթաթոշակ՝ մեկ ուսումնական տարի ԱՄՆ–ում սովորելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին» հուշագրի համաձայն: ԱՄՆ-ում ուսումնառության ժամանակաշրջանում սովորողները Հայաստանում պահպանում են իրենց` աշակերտի կամ ուսանողի կարգավիճակը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների: Մասնակից աշակերտներին հնարավորություն է տրվում Հայաստան վերադառնալուց հետո հաջորդ դասարան կամ կուրս փոխադրվելու համար քննություն հանձնել ուսումնական պլանով նախատեսված այն առարկաներից, որոնք ԱՄՆ-ում չեն ուսումնասիրել: Ավարտական դասարանի աշակերտներին հնարավորություն է տրվում հանձնել պետական ավարտական քննություններ: