Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել տարեվերջյան աշխատանքային հանդիպում՝ ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների /ՏՄԱԿ/ տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում 2025 թ․ ընթացքում իրականացված առանցքային փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով համընդհանուր ներառականության վերաբերյալ մի շարք կարևոր խնդիրների։
Արաքսիա Սվաջյանը խոսել է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին առնչվող ընթացակարգերի, գնահատման նոր գործիքակազմերի ու փաթեթների, դրանց ճիշտ և նպատակային կիրառման, նախադպրոցական ուսումնական հաստատություններում գնահատման մեխանիզմների բարելավման մասին: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև վարքային խնդիրներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը, նրանց հետ աշխատանքի արդյունավետ ռազմավարություններ ու մոտեցումներ մշակելու, երեխաներին կրթության մեջ լիարժեք ներգրավելու վերաբերյալ հարցերին։ Այդ համատեքստում կարևորվել է բոլոր երեխաների ներառականության ապահովմանը միտված կրթական միջավայրի ստեղծումը՝ անկախ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով դպրոցների ու ՏՄԱԿ-ների անելիքների հստակեցումը և գործընկերային ճիշտ հարաբերությունների կառուցումը։
Անհատական ուսումնական պլանների մշակմանն անդրադառնալով՝ նախարարի տեղակալն ընդգծել է ծնողների, ուսուցիչների և ՏՄԱԿ-ների մասնագետների համագործակցությունը՝ որպես այդ գործընթացի արդյունավետության առանցքային նախապայման։ Անդրադարձ է կատարվել նաև ՏՄԱԿ-ների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրմանը, երկարօրյա ծառայությունների կազմակերպմանը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններին և այլ հարցերի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծնողների, ուսուցիչների հետ համագործակցային աշխատանքի կազմակերպմանը, անհատական ուսուցման պլանի թվայնացմանը, ՏՄԱԿ-ների մասնագետների ատեստավորմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է 2025 թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների իրականացրած աշխատանքների հաշվետվությունը։