Կառավարությունը հաստատել է Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։
Կարգով սահմանվում են մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, մշակութային աճուրդի կազմակերպչին և աճուրդի տանը լիցենզիայի տրամադրման բազային պայմանները և ընթացակարգը։ Հստակեցվել են լիցենզավորման չափորոշիչները՝ ըստ սուբյեկտների, սահմանվել են տեխնիկական պահանջների շրջանակը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Ընդհանուր առմամբ՝ կարգի ընդունմամբ ամբողջանում է մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացը, որով հնարավորություն է ստեղծվում հայաստանյան և միջազգային գործընկերների համար տեղում իրականացնելու մշակութային աճուրդներ: Այսպիսով՝ պետությունն ապահովում է միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանն արվեստի միջազգային շուկայում:
Նշենք, որ 2025 սեպտեմբերի 11-ին ընդունել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքը, որը նպատակ ունի կանոնակարգել արվեստի շուկայում տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի պատկերասրահների, աճուրդային տների և արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգի ձևավորումը:
Ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, ինչպես նաև «Քրիստիս» և «Սոթբիս» միջազգային աճուրդային տների փորձը և ընթացակարգերը։