ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաև Ֆիզմաթ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, մանկավարժական կազմը, աշակերտները և հրավիրյալ հյուրերը:

Հոբելյանական միջոցառումը մեկնարկել է Ֆիզմաթ դպրոցի օրհներգով, որը կատարել են դպրոցի սաները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է դպրոցի ուսուցիչներին՝ ընդգծելով, որ ֆիզմաթ դպրոցը հանրակրթության համակարգում իր ուրույն տեղը, դերն ու արժեքն ունի:

«Այս դպրոցի հաջողություններով հպարտանում ենք բոլորս: Այսօր բազմապրոֆիլ մասնագետներով լի այս դահլիճը վկայում է, որ այստեղ սովորելը ֆիզմաթ ուղղություններով մասնագիտություններ ստանալու և հաջողությունների հասնելու գրավական է: Դպրոցը կայացած, նորարությունների տեսլական ունեցող, նախաձեռնող, նպատակասլաց քաղաքացիներ կերտելու միջավայր է: Ուրախ եմ, որ Ֆիզմաթ դպրոցը շատ ակտիվ է գիտության, նորարարություններին միտված նախաձեռնություններում, որոնք սովորողներին դարձնում են մրցունակ և հիմք ստեղծում ապագայում գիտնական, հետազոտող, ոլորտը զարգացնող մասնագետ դառնալու առումով»,- նշել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով դպրոցներում բնական, մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների զարգացմանը՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է համապատասխան պայմանների ապահովումը, ինչը էական ազդեցություն ունի համապատասխան միջավայրի ստեղծման գործում. «Կառավարության ծրագրով 300 դպրոցները բարեկարգման, կառուցման, վերանորոգման, հիմնանորոգման փուլում են գտնվում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ևս այդ դպրոցների ցանկում է: Հուսով եմ՝ հաջորդ տարի մենք շինարարության գործընթացը մեկնարկելու հնարավորություն կունենանք»:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հանրապետական, միջազգային օլիմպիադաներում դպրոցի սովորողների հաղթանակներին և հույս հայտնել, որ այդ հաղթանակներն առաջիկայում էլ ավելի կշատանան և կբազմապատկվեն:

Դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի նշմամբ՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը շարունակում է մնալ ամենապահանջված հաստատություններից մեկը։ Միայն այս տարի դպրոցի հինգ դասարաններ ընդունվելու համար դիմել է 900 աշակերտ, ընդունվել է 136-ը։ Նրա խոսքով՝ դպրոցում սովորողների թիվը հասնում է 720-ի:

«2020-2025 թթ. Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 72 աշակերտ մասնակցել է բնագիտական յոթ առարկաներից կազմակերպված միջազգային օլիմպիադաների և արժանացել 50 մեդալի, որից 2 ոսկե, 9 արծաթե, 39 բրոնզե։ Բարձր արդյունքներ են գրանցվել նաև բնագիտամաթեմատիկական այլ միջազգային օլիմպիադաներից: Վերջին հինգ ուսումնական տարիներին նշված օլիմպիադաներին դպրոցից մասնակցել է 180 աշակերտ, որոնք արժանացել են 108 մեդալի՝ 19 ոսկի, 34 արծաթ, 55 բրոնզ։ Ուշագրավ է այն փաստը, որ յուրաքանչյուր ուստարվա արդյունք գերազանցում է նախորդին, որն իսկապես ոգևորող է»,- հպարտությամբ նշել է դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը և շնորհավորել մասնագիտացված դպրոցի բոլոր տարիների մանկավարժներին և շրջանավարտներին։

Պետական հատկացումների շնորհիվ հանրապետության հեռավոր շրջանների սովորողներն ապահովվում են հանրակացարանով և ամենօրյա սննդով:

Տնօրենը նաև նշել է, որ դպրոցի 64 մանկավարժից 42-ը հաջողությամբ բարձր միավորներով հաղթահարել էկամավոր ատեստավորման պահանջները։

Հոբելյանական միջոցառման շրջանակում դպրոցի սովորողները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով: