ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար:
Այս առիթով Երևանի թիվ 86 մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել ծնողների հետ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝ մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի արդյունք է: Նա հատկապես կարևորել է ծնողների հետ հետադարձ կապ ապահովելու և նրանց դիտարկումները հաշվի առնելու հանգամանքը. «Սա կարևոր ճանապարհ է, որը պետք է միասին անցնենք: Ծնողների կարծիքը կարևոր է՝ իմանալու, թե ինչպես պետք է շարունակել և լավարկել նախաձեռնությունը»:
Մսուրային խմբերում երեխաների ընդգրկումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ հերթագրման միջոցով:
Վաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական հաստատություններում:
Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Նախատեսվում է՝ պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում: