Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա նշմամբ՝ նախարարությունն իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք նաև հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում, փորձ է արվում վերադարձնել Հայաստան:
«Վերջերս Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով Հայաստանում կլինի. այդ աշխատանքի ձեռքբերման ժամանակ էլ նկատել ենք եկեղեցու փայտյա դռան փեղկը։ Փորագրությունը, զարդանախշային համակարգը ցույց են տալիս, որ այն եզակի նմուշ է: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք հաստատում են փեղկի ստեղծման թվագրումը։ Մասնագետների փաստմամբ՝ փորագրությունների զարդանախշային համակարգը, տիպաբանությունը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին։ Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Պետք է ասեմ, որ նաև մասնագետ է գործուղվել և տեղում համոզվել նմուշի բացառիկ նշանակության հարցում: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտորի մասին. փայտի փորագրության նմուշները բացառիկ են, և այս պարագայում խոսքն այդ ութ նմուշից մեկի մասին է, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում: Այն հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված դռան փեղկ է՝ բնորոշ Բագրատունյաց շրջանին»,- նշել է նախարարը և հավելել, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշմամբ՝ նման դեպքերում պետությունն առաջին հերթին առաջնորդվում է մասնագետների խորհրդատվություններով. «Երբ մասնագետները ասում են, որ նմուշը բացառիկ է, կատարվում են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Վերջերս Մատենադարանի համար ձեռք է բերվել երկու բացառիկ Աստվածաշունչ: Մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր է. այս գործընթացն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»:
Վարչապետի խոսքով՝ պատմական արժեքների ձեռքբերման և թանգարանային պահոցների համալրման քաղաքականությունը լինելու է շարունակական
Հայկական փայտագործության ամենամեծ թվով նմուշները մեզ են հասել զարդանախշված եկեղեցական դռների տեսքով: Ձեռքբերվող փեղկը պատրաստված է ընկուզենու փայտից (չափեր՝ 190×57×12 սմ) և մասնակիորեն պահպանել է սպիտակ ֆոնի շերտի և կապույտ գունանյութի հետքեր։
Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ առկա են անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական հնարավորությունները՝ պատշաճ պահպանելու, ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու համար։