Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով երևույթի կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին ցուցաբերած սրտացավության և թրաֆիքինգի մասին լայն իրազեկում իրականացնելու պատրաստակամության համար` խնդրի լուսաբանումը կարևորելով հնարավոր դեպքերի կանխարգելման և թրաֆիքինգի վտանգների մասին տեղեկացվածության բարձրացման տեսանկյունից:

«Կառավարոթյունը տարբեր ուղղություններով բազմաթիվ ծրագրեր է իրականացնում թրաֆիքինգի կանխարգելման նպատակով, այդուհանդերձ, դեռ շատ անելիք ունենք: Վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական աշխատողի հաստիք ունենալու պահանջը: Մեր հեռահար նպատակն է, որ վերջիններս իրենց գործունեության շրջանակում հանդես գան նաև թրաֆիքինգի մասին իրազեկման աշխատանքով՝ այդպիսով ևս մեկ քայլ մոտենալով կանխարգելման նպատակին»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։

Նա մրցույթի կայացման գործում ընդգծել է նաև փորձագիտական հանձնաժողովի անաչառ և հետևողական աշխատանքը` շնորհակալություն հայտնելով դրանում ընդգրկված տարբեր կառույցների մասնագետներին, փորձագետներին և քաղհասարակության ներկայացուցիչներին:

2025 թվականին մրցանակաբաշխությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով հաստատված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգի» համաձայն:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր:

2025 թվականին ներկայացվել է 7 հայտ, որից 2-ը՝ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում, 5-ը՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում:

Մրցանակաբաշխության փորձագետների գնահատման արդյունքում «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգի հաղթողներն են՝

  • 3-րդ կարգի մրցանակ՝ Սոնա Մարտիրոսյան, «Հիմա եմ հասկանում՝ ինչ է կատարվել ինձ հետ. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում»:

«Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգի հաղթողներն են՝

  • 1-ին կարգի մրցանակ՝ Ամալյա Պապյան, «Ամուսինը փախավ, կինը մնաց դժոխքում»
  • 2-րդ կարգի մրցանակ՝ Լիանա Խաչատուրյան, «Մարդը փայտով էր խփում, կնիկը քացով. մի թրաֆիքինգի պատմություն»
  • 3-րդ կարգի մրցանակ՝ Նաիրի Մուրադյան, «Սպիտակ ստրկության զոհերը. Հայաստանում թրաֆիքինգի դեպքերն ավելացել են»:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը ստացել են դրամական խրախուսում՝

1-ին տեղի համար՝ 300 հարյուր հազար ՀՀ դրամ

2-րդ տեղի համար՝ 250 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղի համար՝ 200 հազար ՀՀ դրամ: