ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթը՝ հիմք ընդունելով գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը (13.02.2025 թ. N 156-Ն որոշում):

Մրցույթի նպատակն է աջակցել պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացմանը, զարգացնել պետական կառավարման մարմինների կարիքներից բխող գիտական խնդիրների լուծման ուղղությամբ գիտական և հետազոտական գործունեությունը, ձևավորել և զարգացնել պետական կառավարման մարմինների և գիտական համայնքի միջև կապերը: Մրցույթը կխթանի գիտահետազոտական և տեխնոլոգիական գործունեության արդյունքների ուղղումը պետական կառավարման տարբեր ոլորտներ, կնպաստի գիտական գործունեության արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը:

Մրցույթին մասնակցում են գիտական կազմակերպություններն ու բուհերը՝ ներկայացնելով նպատակային ծրագրի հայտ։ Ծրագիրը մշակում և իրականացնում է առնվազն 3 անդամներից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է խմբի ղեկավարից և կատարողներից: Եթե խմբի ղեկավարը ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող որևէ ծրագրում, ապա հայտը պետք է ներկայացնի բազային ֆինանսավորում ստացող այդ կազմակերպությունից։

Հետազոտական ծրագրերի առաջարկները վերաբերում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների և այլ գերատեսչական ոլորտներին։

Նախագծերի իրականացման ակնկալվող վերջնարդյունքներն են պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանն աջակցությունը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացումը, որոնց արդյունքները կիրառելի կլինեն համապատասխան պետական մարմինի կողմից և կնպաստեն պետության կարիքների բավարարմանը։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.hesc.am/hy/calls/27target/: