ԿԳՄՍ նախարարությունը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հետ համագործակցությամբ իրականացրել է մարզիչ-մանկավարժների վերապատրաստումներ՝ ձյուդո և գեղասահք մարզաձևերի մասնագետների համար։
Տեսական դասընթացների և գործնական պարապմունքների ձևաչափով անցկացված եռօրյա վերապատրաստումներին, ընդհանուր առմամբ, 43 մասնագետ է մասնակցել։ Գեղասահքի գործնական պարապմունքներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում, որտեղ այդ օրերին ընթանում էր գեղասահքի Հայաստանի առաջնությունը։
Վերապատրաստող մասնագետները հրավիրվել են արտերկրից՝ համապատասխան միջազգային ֆեդերացիաների միջնորդությամբ։ Դասընթացներն անցել են համագործակցային և փորձի ակտիվ փոխանակման մթնոլորտում, իսկ ուսումնամեթոդական նյութերում ներառվել են ժամանակակից մոտեցումներ, ոլորտային փոփոխություններ և նոր փորձի կիրառման հնարավորություններ։
ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 889-Ն որոշման:
Ավելի վաղ անցկացվել էին լող, սուսերամարտ և սեղանի թենիս մարզաձևերի մարզիչ-մանկավարժների վերապատրաստումներ, որոնց 81 մասնագետ է մասնակցել։