ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային հարցերի վերաբերյալ՝ անդրադառնալով բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը նշված ուղղություններով։ Քննարկվել են նաև Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և կարևորել շարունակական շփումների ու գործնական քայլերի իրականացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։