ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Վարշավայում այցելել է Լեհաստանի ազգային ակադեմիական փոխանակման գործակալություն (NAWA)։ Վերջինս երկրի բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացման ուղղությամբ աշխատող կարևոր կառույց է։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պատվիրակության անդամները։
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ գործակալության տնօրեն Վոյցեխ Կարչևսկին բարձր է գնահատել Հայաստանի հետ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցությունն ու ընդգծել վերջինիս զարգացման և խորացման հնարավորությունը։
Կարչևսկին նախարար Ժաննա Անդրեասյանին է ներկայացրել գործակալության գործունեության հիմնական ուղղություններն ու ռազմավարական նպատակները։ Քննարկվել են դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև լեհերենի ուսուցման զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում առանձնացվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լեհերենի դասավանդման խորացման և անհրաժեշտության դեպքում լեհերենի քննության ծրագրի ներդրման հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է Երևանի պետական համալսարանի և Վարշավայի համալսարանի միջև ձևավորված համագործակցության կարևորությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մանրամասները, ինչպես նաև ակադեմիական քաղաքի նախագիծը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հայկական կողմի հետաքրքրությունը՝ ուսումնասիրելու լեհական փորձը բուհերի վարկանիշավորման միջազգային աղյուսակներում ընդգրկվելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Նշվել է՝ օրերս լեհական Պոզնան քաղաքում կկայանա օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որի շրջանակում Պոզնանի համալսարանում նաև հայագիտական կենտրոն կբացվի։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել հայագիտության ուղղությամբ համագործակցությունը՝ որպես հետազոտության ճյուղ։