Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուասեկի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պատվիրակության անդամներ:

Ողջունելով նախարար Ժաննա Անդրեասյանին` Մարչին Կուասեկը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և ընդգծել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի հասարակական կյանքում: Նա ընդգծել է նաև Հայաստանի հետ ԲՏՃՄ ուղղություններով իրականացվող 9 գիտահետազոտական ծրագրերը` նշելով համագործակցության խորացման ներուժը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահություն հայտնել, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։

Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնում՝ նաև Հայաստանում միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության ծավալմանն աջակցելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներդրվում են օտարերկրյա ուսանողների ներգրավման, օտարալեզու կրթության կազմակերպման ինստիտուցիոնալ հնարավորություններ: Նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ կարևորելով Լեհաստանի փորձից օգտվելու հնարավորությունը ուսանողական կյանքի կազմակերպման գործում:

Կողմերն ընդգծել են նաև բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և դիպլոմների փոխճանաչման կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդգրկված ԵՄ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերում և համագործակցում են նաև Լեհաստանի բուհերի հետ:

Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուասեկը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` շեշտելով մասնավորապես տեխնոլոգիական կրթության և արհեստական բանականության ուսուցման ուղղությունը:

Կողմերը կարևորել են երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը և արձանագրել արդեն իսկ գրանցված դրական արդյունքները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանի պետական համալսարանի և Վարշավայի համալսարանի միջև համագործակցության ձևավորումն ու փոխըմբռնման հուշագրի կնքումը: Անդրադարձ է եղել լեհերենի ուսուցման զարգացմանն առնչվող հարցերին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լեհական կողմին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում Հայագիտական ​​կենտրոնների 2-րդ համաժողովը հյուրընկալելու հարցում ցուցաբերած աջակցության համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովները հիանալի հարթակ են հայագիտական ​​կենտրոններում աշխատող մասնագետների և հայոց լեզվով հետաքրքրված անձանց համար՝ միասին քննարկելու հայագիտական ​​ուսումնասիրությունների զարգացման ինստիտուցիոնալ ռազմավարությունները, ազգային ու միջազգային շրջանակները։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի միջև Մխիթար Գոշի անվան կենտրոնի ստեղծման վերաբերյալ հուշագրի կնքումը, որի շրջանակում իրականացվելու են հայագիտական գիտահետազոտական ծրագրեր: Նշվել է՝ արդեն իսկ 40 ուսանող դիմել է Մխիթար Գոշի անվան գիտական կենտրոնի ասպիրանտուրա՝ «Արմենիստիկա» ծրագրին միանալու համար։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս հետաքրքրությունն ընդգծում է կենտրոնի առաքելության կարևորությունը հայոց լեզվի, գրականության և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության խթանման գործում։

Կարևորվել է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լեհաստանի հետազոտությունների և մշակումների ազգային կենտրոնի համագործակցությունը ««INNOGLOBO» ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: