ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Լեհաստանի ազգային գրադարան: Հայկական պատվիրակությունը ծանոթացել և շրջել է գրադարանին կից գործող Ռեչպոսպոլիտեի պալատում։

Գրադարանի տնօրեն Տոմաշ Մակովսկին ներկայացրել է գրադարանի հարուստ ֆոնդային հավաքածուն, այդ թվում՝ վաղ տպագիր գրքերի և արժեքավոր ձեռագրերի հավաքածուն։ Շրջայցի ընթացքում Տոմաշ Մակովսկին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Լեհաստանի ազգային գրադարանում Հայաստանի և հայերի մասին առկա նյութերին՝ ընդգծելով, որ հայագիտական գրականությունն ու գիտական ուսումնասիրությունները լայնորեն կիրառվում են Լեհաստանի կրթական և գիտական ոլորտներում։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների՝ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ։ Հանդիպման ընթացքում վերջիններս հետաքրքրվել են Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներով ու նոր նախաձեռնություններով։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնությունը՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել հայերների միջազգային ճանաչելիությունն ու դիրքավորումը։ Համակարգը մշակվել է է՝ հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (Common European Framework of Reference for Langusges). նախատեսվում է մշակել հայերենի առանձնահատկություններից բխող՝ հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան էլեկտրոնային համակարգ:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում կազմակերպվող մշակութային տարբեր փառատոների մասնակցությանը, արտերկրի հեղինակավոր բուհերում հայագիտական կենտրոնների ցանցի զարգացմանը, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար հայերենի ուսուցման կազմակերպմանը, հայկական դպրոցների համար դասագրքերի և ուսումնական նյութերի ապահովմանը:

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Հանդիպումներին ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: