Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։
Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և ապագայի տեսլականը։
Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:
Հայեցակարգի հիմնական պահանջներ
1. Նախագիծը պետք է ներառի՝
- գլխավոր գաղափար և համապարփակ սյուժետային լուծում, որը համահունչ է «ԷՔՍՊՈ-2027» թեմատիկ շրջանակին և պահանջներին (տե՛ս https://expobelgrade2027.org/en/intro),
- տաղավարի գեղարվեստական լուծում և դիզայն՝ ներառյալ միջավայրի կազմակերպում, նյութերի ընտրություն և ընդհանուր էսթետիկ մոտեցում,
- տեսողական ներկայացում՝ մուդբորդեր, էսքիզներ, 3D նախնական պատկերներ կամ մուլտիմեդիա ներկայացում և այլն,
- ինտերակտիվ, թվային կամ բազմամեդիա լուծումների նկարագրություն, որոնք կնպաստեն այցելուների ներգրավվածությանը,
- տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումների նկարագիր՝ ներառյալ կառուցման, տեղադրման, աշխատանքի լոգիստիկ, ժամանակագրական և անվտանգության հիմնական մոտեցումները,
- նախնական բյուջե (ծախսերի նախահաշիվ), որը կներառի նախագծման, արտադրության, տեղադրման, լոգիստիկայի և շահագործման ծախսերը։
2. Բաց կանչին կարող են դիմել կազմակերպություններ, ստեղծագործական ստուդիաներ կամ կոնսորցիումներ, որոնք՝
- ունեն ցուցահանդեսային տաղավարների, թանգարանային կամ մշակութային ինստալյացիաների ոլորտներում իրականացված առնվազն երեք (3) միջազգային կամ խոշորածավալ նախագծեր,
- տիրապետում են հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ մասնագիտական, տեխնիկական և արտադրական ռեսուրսներին:
Դիմումին պետք է կցված լինեն պորտֆոլիո և թիմի հիմնական անդամների CV-ներ։
3. Գնահատման չափանիշներ
Ներկայացված հայեցակարգերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- գաղափարի ինքնատիպություն և բովանդակային խորություն,
- թեմատիկ համապատասխանություն «ԷՔՍՊՈ-2027» պահանջներին,
- իրագործելիություն և տեխնիկական հիմնավորվածություն,
- բյուջեի հիմնավորվածություն,
- կազմակերպության փորձ և իրականացման կարողություններ:
4. Ներկայացման կարգ
Հայտը պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ, էլեկտրոնային փոստով՝ info@cultfoundation.am, կոնտակտային անձ՝ Օֆելյա Ազիզյան, հեռ.՝ +37493769578:
Թեմայի, տեխնիկական պահանջների և ցուցահանդեսային կանոնների վերաբերյալ մանրամասները հասանելի են կազմակերպչական կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://expobelgrade2027.org/en։
Կարգը կցվում է: