Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը հուսալի հիմք է նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի զարգացման համար։
Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստան-Լեհաստան մշակութային կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացումը՝ ընդլայնելով փոխգործակցությունը համապատասխան կառույցների և ստեղծագործական կազմակերպությունների միջև։ Այդ համատեքստում կարևորվել են մասնագետների փոխանակման ծրագրերը, գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանային և գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համագործակցության ամրապնդումը։
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի և Լեհաստանի թանգարանների միջև համագործակցության հաստատումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը: Նա Լեհաստանի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանը, կինոգործիչների միջև կապերի ստեղծմանը և երկու երկրների կինոփառատոներին մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։
Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ լեհական կողմի հետ արդեն իսկ հաջող համագործակցություն է ձևավորվել հնագիտական պեղումների ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև թանգարանների և հուշարձանների պահպանության ոլորտում մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունը թանգարանների վերականգնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարուստ փորձ ունի և առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը։
Լեհաստան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահ: Նախորդ տարի այս պատկերասրահում իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը շուրջ 60 հազար այցելու է ունեցել և նախատեսված 3 ամսվա փոխարեն տևել է 5 ամիս: ՀՀ պատվիրակության անդամները պատկերասահի տնօրեն Ագնեշկա Պինդերայի ուղեկցությամբ շրջել են պատկերասրահում, դիտել ցուցանմուշները։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի իրականացման համար և առաջարկել դիտարկել Հայաստանի թանգարանների հետ նմանօրինակ այլ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։