Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թվականի կամավոր ատեստավորումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին:
Այս կենտրոնում անցկացվում է երաժշտություն (նվագակցություն, դաշնամուր, փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ) դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը: Նախապես հայտագրված 104 մասնագետներից քննությանը ներկայացել են 91-ը։
Նախարարի տեղակալը Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննական կենտրոնում, հաջողություն մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների ակտիվ մասնակցությունը կամավոր ատեստավորմանը:
Նշենք, որ այսօր Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում անցկացվել է նաև պարարվեստի դասատուների կամավոր ատեստավորումը:
Վաղը` դեկտեմբերի 7-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղի կունենա թատերարվեստ, շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող դասավանդողների ատեստավորումը: