ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական և Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցներ՝ ծանոթանալու շենքային ու գույքային պայմաններին, առկա խնդիրներին, դասերի կազմակերպման ընթացքին:
Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են շենքային պայմանները, դպրոցի լաբորատոր հագեցվածությունը, ջեռուցման համակարգի գործարկմանն ու դասերի պատշաճ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Արաքսիա Սվաջյանը զրուցել է աշակերտների հետ՝ հետաքրքրվելով նախագծային աշխատանքների, լաբորատոր սարքավորումների կիրառմամբ դասերի անցկացման արդյունավետության և այլ հարցերով: Աշակերտները հավաստել են, որ նախագծային աշխատանքը նպաստում է թիմային մտածելակերպի ձևավորմանը, դերի կարևորության գիտակցմանը, տվյալ թեմայի շուրջ համապարփակ գիտելիքի ձեռքբերմանը: Նախարարի տեղակալը կարևորել է նաև աշակերտների՝ դպրոցական օլիմպիադաներին մասնակցության ակտիվությունը, ուսուցիչների՝ կամավոր ատեստավորման գործընթացում ներգրավվածությունը: Նա ծանոթացել է նաև տվյալ դպրոցում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանը:
Նշենք, որ Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցում սովորում է 1063 աշակերտ:
Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցն էր, որտեղ սովորում է 249 աշակերտ: Դպրոցը ներառված է Կառավարության 300 դպրոցի կառուցման, նորոգման և բարեկարգման ծրագրում: Դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքի մեջ է, դասերը ներկայում կազմակերպվում են հին դպրոցի մասնաշենքերից մեկում:
Արաքսիա Սվաջյանը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների հետ՝ մասնագիտական կողմնորոշման, հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում ներդրված խորացված առարկայական ուսուցման, ընդունելության քննությունների և այլ թեմաների մասին։ Նա նշել է՝ նոր մոտեցումները կօգնեն աշակերտներին առավել արդյունավետ օգտագործել դպրոցում ստացած գիտելիքները բուհեր ընդունվելու ժամանակ՝ նվազեցնելով կրկնուսույցների կարիքը։
Նախարարի տեղակալի այցերը տարբեր հաստատություններ կլինեն շարունակական: