ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 «Հասմիկ» նախակրթարանի վերանորոգված խմբասենյակի բացման արարողությանը: Համագործակցության շրջանակում խմբասենյակ է բացվել նաև Վաղարշապատի թիվ 8 «Ոստան» մանկապարտեզում:
Նոր խմբասենյակները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Հայաստանում փախստականների ճգնաժամին արձագանքման ծրագրի» շրջանակում: Նոր խմբասենյակներից յուրաքանչյուրը նախատեսված է 30 երեխայի համար:
Միջոցառմանը ներկա են եղել և ներկաներին շնորհավորել նաև Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ միջոցառման առիթը համագործակցության լավագույն օրինակներից է. պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինը և միջազգային կառույցը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցել են՝ ապահովելով կրթության հասանելիություն, որը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կարևոր թիրախներից է. «Կառավարության ծրագրով և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով մեծ տեղ է հատկացված նախադպրոցական տարիքի երեխաների կրթական համակարգում ընդգրկվածությանը: Հաստատությունների բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը միտված են կրթության որակի բարելավմանը, մանկապարտեզներ հաճախող երեխաների թվի աճին, որն ուղղված է մինչև 2030 թվականը երեխաների մինչև 95 տոկոս ընդգրկվածություն ապահովելու նպատակին»:
Կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության բովանդակությունը՝ նա նշել է, որ պետությունը հետևողական ջանքեր է իրականացնում այս ուղղությամբ՝ նոր ծրագրերի ներդրմամբ, մանկավարժական աշխատողների վերապատրաստումների իրականացմամբ. «Ներկա պահին ընթանում են նախադպրոցական մանկավարժների վերապատրաստման դասընթացները, որոնք նպատակ ունեն բարձրացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները: Առանց լավ մասնագետների՝ ամենալավ պայմաններ ունենալու դեպքում անգամ չենք կարող խոսել որակյալ կրթության մասին»:
Նա հակիրճ անդրադարձել է նաև ոլորտում նախատեսվող նոր նախաձեռնություններին՝ տեղեկացնելով, որ 2025-2026 ուստարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կգործարկվեն վաղ մանկության տարիքի խմբեր՝ նախատեսված 0-2 տարեկան երեխաների համար: Այս պահանջը, ըստ նախարարի տեղակալի, ամրագրված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում:
Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական՝ ի շահ կրթական համակարգի զարգացման:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ հեքիաթներ» երաժշտական կրթական դասընթացը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար: